Հայաստանում գրեթե ամեն երրորդն աղքատ է, բնակչության մոտ կեսը 53000 դրամից ավելի չի ծախսում

2020-ին Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27%, որը 0,6% տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26,4%-ից։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է վիճակագրական կոմիտեի՝ «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020թթ․» զեկույցից։

2019-ից Հայաստանում օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ չորրորդ մեթոդաբանությունը: Ըստ վերին գծի՝ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով մեկ ամսվա համար ցածր է եղել 53 641 դրամից։ Չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 35 324 դրամից։ Ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 23 828 դրամից։

2020-ի համար հաշվարկվել է աղքատության միջին գիծ, որը ստորին և վերին աղքատության գծերի միջինն է: Ելնելով աղքատության միջին գծից՝ աղքատ է բնակչության 27%-ը, որի դեպքում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել 44 482 դրամից։

Ըստ աղքատության վերին գծի՝ աղքատ է բնակչության 47,6%-ը։ Այսինքն, բնակչության գրեթե կեսի ամսական սպառումը չի գերազանցում 53 641 դրամը։ Վերը նշված 47,6%-ից 9,7%-ը չափավոր աղքատ է, 0,7%-ը` ծայրահեղ աղքատ։

Աղքատ բնակչության 8,6%-ը 0-5 տարեկան երեխաներ են։ Ընդհանուր բնակչության մեջ աղքատ երեխաները 6,8% են կազմում։

Գյուղական բնակավայրերում աղքատությունն ավելի մեծ տոկոս է կազմում՝ 33,6%: Քաղաքային բնակավայրերում աղքատության ցուցանիշը 22,5% է, իսկ մայրաքաղաք Երևանում ավելի քիչ՝ 19,9%։

2021-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,5%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21,4%-ը՝ աշխատունակ տարիքից ցածր (0- 15 տարեկան), իսկ 15,1%-ը՝ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Հայաստանի 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 575 մարդ (237 տարեց և 338 0-15 տարեկան երեխա):

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել