Հայաստանում բնակչության բնական աճը 2020-ին կազմել է 183 մարդ՝ 2019-ի 9800-ի համեմատ

Հայաստանում ծննդյան և մահվան ցուցանիշների տարբերությամբ ձևավորված՝ բնակչության բնական հավելաճը 2020-ին կազմել է 183 մարդ՝ 2019-ի 9,8 հազար մարդու համեմատ: Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2021» հրապարակումից։

Նախորդ տարի ծնվել է 36,4 հազար, մահացել՝ 36,2 հազար մարդ։

«Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2020թ. կազմել է 1 655 միավոր, 2019թ.՝ 1 599 միավորի համեմատ, ինչը գալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2 150 ցուցանիշից»,- ասված է հրապարակման մեջ։

2020-ին՝ նախորդ տարվա համեմատ, մահվան դեպքերն աճել են 9 984-ով կամ 38,1%-ով, ինչը պայմանավորված է COVID–19 համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված դեպքերով:

Մահացության պատճառական կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը կազմում եմ ընդհանուր մահերի շուրջ երեք քառորդը: Նախորդ տարվա համեմատ ավելացել են շնչառական օրգանների, արտաքին պատճառների, մարսողական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը:

Արական և իգական սեռերի մահացության տարբեր մակարդակներով պայմանավորված՝ տարբերվում են նաև տղամարդկանց և կանանց կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները: 2020-ին COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանքներով զգալիորեն նվազել է կյանքի սպասվող միջին տևողությունը: Մասնավորապես, տղամարդկանց համար այն կազմել է 68,4 տարի՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 4,7 տարով, իսկ կանանց համար՝ 78,6 տարի, նվազելով շուրջ մեկ տարով: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 67,2, կանանց համար` 78,7 տարի, իսկ գյուղական բնակչության կազմում, համապատասխանաբար՝ 70 և 78,5 տարի:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել