Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Կարմիր շուկայի ուղղությամբ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով»,- գրել է նա։

Արցախի ՄԻՊ-ի տեղեկացմամբ՝ կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։

«Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։

Նրա կարծիքով՝ բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար պետք է հեռացվեն Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը, ինչպես նաև ներդրվեն հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ։