«Իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի»․ Արմեն Գրիգորյան

«Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի»։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այդ հարցը, բայց այս պահին իրավական հիմնավորումներ չկան։ Ինչ-որ սովխոզների տնօրենների կամ համայնքի ղեկավարների որոշումներ կան, բայց դա իրավական հիմք չունի»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել․ «Կարծում ենք, որ պետք է օգտագործենք ԽՍՀՄ լեգիտիմ հիմք ունեցող քարտեզները, որ սահմանազատման գործընթաց իրականացնենք։ Բայց կարծում ենք, որ անհրաժեշտ է սահմանային կայունություն, իսկ դրա համար անհրաժեշտ է զորքերի հայելային հետքաշում։ Մեր առաջարկություններն անվտանգության երաշխիքներ ստեղծելու մասին է, ոչ թե սահմանազատման, որը հնարավորություն կտա անցնել սահմանազատման»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների իրականացման ժամանակ հնարավոր է անդրադարձ կատարվի նաև անկլավների հարցին։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի ասուլիսին հայտարարել էր, որ Ադրբեջանը հետապնդում է անկլավների հարց, նույնիսկ, նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին։

Մեկնաբանել