Պատրաստ ենք Օմիկրոն տարբերակի համար հատուկ պատվաստանյութ ստեղծել․ Նուբար Աֆեյան

Moderna-ի համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը ՍիվիլՆեթի Էրիկ Հակոբյանի հետ զրուցում է կորոնավիրուսի նոր տարբերակի՝ Օմիկրոնի, դրա վտանգավորության մասին, կիսում իր կարծիքը հակապատվաստումային քարոզչության ու դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ։

Օմիկրոնի մասին

Ի՞նչ կարող եք մեզ ասել կորոնավիրուսի այս նոր տարբերակի՝ Оմիկրոնի մասին, և ի՞նչ է մեզ հայտնի այս տարբերակի մասին՝ ի տարբերություն մյուսների։

Մենք մոտ երկու տարի աշխարհով մեկ ներքաշված ենք կորոնավիրուսի և մեր իմունային համակարգի միջև պատերազմում, և այդ պատերազմում թե՛ տեխնոլոգիաները, թե՛ վարքագիծը, աջակցել են մարդկանց՝ պատվաստանյութերով և այլ մոտեցումներով։ Դրան ի պատասխան՝ տեսնում ենք, որ վիրուսը ստեղծել է մի տարբերակ, որը փորձում է շրջանցել իմունային համակարգը։ Ասում եմ՝ փորձում է, որովհետև մեր իմունային համակարգը ձևավորվել ու զարգացել է շատ երկար ժամանակ, որպեսզի կարողանա պայքարել նման մուտացիաների դեմ։

Ի՞նչ գիտենք Օմիկրոնի մասին։ Այն էականորեն տարբերվում է նախկինում մեր տեսած որևէ տարբերակից, և դա պոտենցիալ վտանգավոր նորություն է, որովհետև եթե Դելտա ու Բետա տարբերակները մեկ-երկու տառով էին տարբերվում իրենց էական մաս հանդիսացող պրոտեինի բաղադրության մեջ, ապա Օմիկրոնը տարբերվում է տաս-տասներկու տառով։ Այդ պատճառով այս վտանգին լրջորեն են վերաբերվում աշխարհի գիտական ու առողջապահական համայնքները։

Մյուս կողմից՝ երկու տարի առաջ չունեինք այսօր առկա պաշտպանիչ միջոցներից որևէ մեկը, իսկ այսօր ունենք։ Բնակչության մեծ մասը տեղյակ է՝ ինչպես պաշտպանվել դիմակներով ու սոցիալական հեռավորության միջոցով, ինչպես նաև պատվաստանյութերի շնորհիվ։ Այժմ ցանկանում ենք հասկանալ՝ ինչ ազդեցություն ունի այս տարբերակը պատվաստանյութով պաշտպանվածության աստիճանի վրա, եթե այն բավարար է՝ մենք կասենք, իսկ եթե կարիք լինի լրացուցիչ խթանիչ (բուստեր) պատվաստման, դրա մասին ևս կհայտնենք։

Վատագույն դեպքում պատրաստ ենք հենց այս տարբերակի համար հատուկ պատվաստանյութ ստեղծել

Վատագույն դեպքում պատրաստ ենք հենց այս տարբերակի համար հատուկ պատվաստանյութ ստեղծել, որը վստահ ենք՝ կդիմագրավի այդ խոչընդոտը։ Մենք փոթորկի ամենակենտրոնում ենք, և դեռ չունենք տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք ասել՝ որ ուղղությամբ այն կընթանա։

Հակապատվաստումային քարոզչության մասին

Հայաստանում և ոչ միայն, առկա է հսկայական դիմադրություն և ապատեղեկատվական արշավ՝ պատվաստանյութերի դեմ, և դա մեզ կյանքեր է արժենում ամեն օր։ Այդ ապատեղեկատվությունը ևս կարծես անընդհատ մուտացվում է և ակնհայտորեն, բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի վրա։ Վերջերս անցկացված հարցման համաձայն՝ մարդկանց մոտ 70 տոկոսը դեմ էր պատվաստվելուն, իհարկե, վստահ եմ, այս թիվը արդեն իսկ նվազում է կրթության շնորհիվ ու կորոնավիրուսի հանդեպ վախի հետևանքով։ Ո՞րն է, ըստ Ձեզ, նման ապատեղեկատվության դեմն առնելու լավագույն միջոցը, և կարո՞ղ ենք արդյոք ասել, որ աշխարհի առողջապահական համայնքը բավարար չափով աշխատանքներ չի տարել՝ այս հսկայածավալ ապատեղեկատվական արշավի դեմն առնելու համար։

Այո, կարծում եմ՝ Ձեր բնութագրումը ճիշտ է․ իրականությունը հուշում է, որ մարդիկ նախընտրում են իրենց չպաշտպանել ու հետևաբար թանկ են վճարում դրա համար։ Ամեն ինչ պարզ է՝ դա նրանց կատարած ակտիվ ընտրությունն է, որովհետև նրանց մանիպուլացնում են ապատեղեկատվությամբ, վախով, երբեմն նաև շփոթեցնող կամ հակասական տեղեկատվությամբ։

Իսկ ինչ վերաբերում է, թե ով է պատասխանատու դրա դեմն առնելու համար, կարծում եմ՝ բոլորս։ Մեր ընտանիքները, համայնքները, դպրոցները, կազմակերպությունները, կառավարությունը՝ տեղական և համապետական մարմինները, բոլորը, որովհետև, ինչպես պատերազմի ժամանակ, եթե ականատես ենք լինում տուժած մարդու և ինչ-որ կերպ չենք միջամտում կամ օգնում, մենք խնդրի մի մասն ենք, մեղսակից ենք դառնում։ Ուստի կարծում եմ՝ սրա հիմքում առողջութան հանդեպ մեր վերաբերմունքն է, որովհետև ընդհանուր առմամբ հաշտվում ենք այն մտքի հետ, որ հիվանդանալու և մահանալու ենք։ Եվ երբ վրա է հասնում ինչ-որ հիվանդություն, մենք ճակատագրապաշտորեն ենք վերաբերվում դրան, ընդունում ենք դա և մեզ ենթարկում կա՛մ դրա հետևանքներին, կա՛մ՝ դեղամիջոցներին ու վիրահատության։

Բայց արդյունքում դա մեզ այդքան էլ մեծ վտանգ չի թվում, որովհետև ինքներս մեզ նախապատրաստել էինք դրան։ Իսկ երբ խոսքը պատվաստանյութի մասին է, դրան նայում ենք որպես մի բանի, որը մեր ընտրությամբ է հայտնվում մեր մարմնում։ Ու դրանից ունենում ենք վախի բոլորովին այլ աստիճան, քան բուն հիվանդությունից։

Երբ հուլիսին Հայաստանում էի ու հանդիպեցի բժշկական համալսարանի ղեկավարներին, առկա էր մեծ կասկածամտություն հանդիպման սենյակում, ինչը ապշեցուցիչ էր՝ նրանք բոլորը բժիշկներ էին։ Նրանց ասացի՝ եթե դուք մի կողմից ասեք՝ որն է պատվաստանյութի ռիսկը և կարողանաք քանակական գնահատական տալ դրան հենց հիմա, – որովհետև միայն MRNA պատվաստանյութ ստացել է արդեն իսկ գրեթե մեկ միլիարդ մարդ, էլ չեմ խոսում մյուս պատվաստանյութերի մասին, – և մյուս կողմից՝ չանտեսեք հիվանդությունը և ընդունեք այն ու կրեք դրա հետևանքները, ռիսկերը անհամեմատելի են։ Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ համեմատում են պատվաստանյութը՝ ոչ պատվաստանյութի հետ, այսինքն՝ մտածում են կարող են շարունակել ապրել՝ առանց հիվանդության հետ առնչվելու կամ դրա հետևանքների։ Իրականում ժամանակի հարց է՝ երբ մարդիկ կվարակվեն այդ հիվանդությամբ․ դրանում կասկած չկա։ Ընդ որում, այն մարդկանց, որոնք բուռն կերպով վիճում են ինձ հետ, ես ասում եմ՝ եթե այդքան վստահ եք, գնացեք վարակվեք, և եթե պատրաստ եք դա անել՝ կընդունեմ ձեր փաստարկը, իսկ եթե պատրաստ չեք դա անելու, ուրեմն և չունեք հավասարակշռված որոշումների կայացման գործընթաց։ Վախենում եք պատվաստանյութից, բայց ընդունում վիրուսը․ իմաստ չկա այստեղ։

Իհարկե, մարդիկ պետք է հարցեր տան, ինքնուրույն հանգեն եզրակացության, և մենք պետք է աջակցենք նրանց այդ հարցում։

Հայաստանի կառավարության վարած քաղաքականության մասին

Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է ու կարող է անել առողջապահության նախարարությունը, Հայաստանը՝ պետական քաղաքականության մակարդակով՝ նախ, պայքարելու վիրուսի դեմ և երկրորդ՝ առաջ տանելու պատվաստումների գործընթացը, որպեսզի մենք կարողանանք միանալ երկրների ցանկին, որոնք ունեն պատվաստումների շատ ավելի բարձր ցուցանիշներ։

Ըստ իս՝ սա համակցություն է՝ ապահովել պատվաստանյութի բավարար մատակարարում, ինչը բարեբախտաբար կարողացել ենք անել, ընդ որում՝ ավելին, քան հնարավոր էր, հաշվի առնելով, որ արևմտյան երկրները լիովին սպառեցին իրենց երկրներում գտնվող ընկերությունների արտադրանքը։ Դա այն բաներից է, որ մարդիկ չէին հասկանում՝ օրինական կերպով դու չես կարող առաքել պատվաստանյութը Եվրոպայից ու ԱՄՆ-ից որևէ այլ երկիր, մինչ այդ երկիրը չհաստատի դրա օրինական ստացումը, ինչը նրանք չէին անում, մինչև այս տարվա կեսը։

Արդյոք ունե՞ս այլ մարդկանց վարակելու իրավունք, քանի որ ի վերջո եթե դու ուզում ես ունենալ այլ մարդկանց վարակելու իրավունք, դա իմ իմացած սահմանադրական իրավունքների մեջ չի մտնում

Այժմ աշխարհում առկա է մեծաքանակ պաշար, և գնալով աճելու է, ուստի՝ նախ ունենալ մատչում, ապահովել բաշխման համակարգը, օրինակ՝ պահելու համար անհրաժեշտ սառցարանները, կրթությունը։ Անհրաժեշտ է նաև վարել հետևյալ քաղաքականությունը․ արդյոք ունե՞ս այլ մարդկանց վարակելու իրավունը, քանի որ ի վերջո եթե դու ուզում ես ունենալ այլ մարդկանց վարակելու իրավունք, դա իմ իմացած սահմանադրական իրավունքների մեջ չի մտնում, ինչպես որ չեն մտնում այլ մարդկանց հարվածելու կամ սպանելու իրավունքները։

Ուստի, կառավարությունը պետք է անդրդվելի լինի իր որոշման մեջ և ասի՝ այո, դու իրավունք ունես ինքդ վարակվելու, բայց չունես այլ մարդկանց վարակելու իրավունք։ Դա իհարկե, կհանգեցնի տեղաշարժի ու որոշ վայրեր մուտք ունենալու սահմանափակումների, սակայն դա կլինի ոչ թե որպես պատիժ, այլ՝ ուրիշ մարդկանց պաշտպանելու միջոց։ Դա է ընտրված կառավարության դերը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի