«Հյուսիս–Հարավ». Հայաստանը՝ միջանցքային ուղիներում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ներկայացրել է նոր ուսումնասիրություն, որում ձևակերպված է եվրասիական տրանսպորտային կմախքի գաղափարը, ինչպես նաև գնահատվել «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ներուժը՝ բացվող նոր հնարավորությունների ֆոնին: Դրանց թվում են Հնդկաստանի, Իրանի և Հարավային Ասիայի և Պարսից ծոցի այլ երկրների հետ ԵԱՏՄ փոխգործակցության ակտիվացումը, «Հյուսիս–Հարավ»-ի՝ լայն տրանսպորտային երթուղիների հետ համակցման զգալի ներուժի առկայությունը:

ԵԶԲ-ի՝ 124 էջից բաղկացած ծավալուն զեկույցում, նշված «Հյուսիս-Հարավ» միջանցքի երեք ուղղություններից մեկում է հիշատակվում Հայաստանը, այն էլ՝ առավելապես որպես օժանդակ գործոն, ի տարբերություն Ադրբեջանի, որը ԵԱՏՄ անդամ չէ: Ընդհանրապես, «Հյուսիս-Հարավ» ձևավորվող նոր միջանցքում մեծ տեղ է տրվում Կասպից ծովին և հարևան Ադրբեջանին:

Համաձայն հետազոտության՝ «Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ միջազգային տրանսպորտային միջանցքը սկանդինավյան երկրներն ու ԵԱՏՄ հյուսիս-արևմտյան մասը կապում է Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի պետությունների հետ Կովկասի և Միջին Ասիայի երկրների միջոցով: Միջանցքը ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, ծովային և գետային տրանսպորտի ենթակառուցվածքները, որոնցից առանձնացվում են երեք հիմնական ճյուղերը՝ 1) Արևմտյան, Կասպից ծովի արևմտյան ափով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջոցով, 2) Արևելյան, Կասպից ծովի արևելյան ափով՝ Ղազախստանով և Թուրքմենստանով, 3) Տրանսկասպյան, Կասպից ծովում լաստանավային և կոնտեյներային գծերի օգտագործմամբ:

Նոր ձևավորվող միջանցքում Հայաստանի դերն ու նշանակությունը ԵԱՏՄ-ի տեսանկյունից հասկանալու համար բավական է տվյալ զեկույցի հպանցիկ ուսումնասիրությունը: Նախ այդ ծավալուն ուսումանսիրության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում Հայաստանի մասին ընդհանրապես հիշատակում չկա, իսկ հենց զեկույցում միայն 20-րդ էջում է խոսվում Հայաստանի մասին՝ որպես այդ մայրուղու օժանդակ գործոն:

Նշվում է, որ միջանցքը մեծ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային կապվածությունն արտաքին շուկաների հետ բարձրացնելու համար։ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքը, որը ներկայումս գտնվում է շինարարության ավարտական փուլում և պետք է Հայաստանի Հանրապետությունը կապի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կարող է լրացվել Քվեշեթի-Կոբի նոր 23–կիլոմետրանոց հատվածով, այդ թվում՝ Վրաստանի տարածքում 10-կիլոմետրանոց թունելով: Վերին Լարսի անցակետի ռուս-վրացական ավտոմոբիլային կետ տանող ճանապարհը փոխարինող այդ թունելի շինարարությունը (ընթացքի մեջ է) Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային հաղորդակցական հնարավորությունների զարգացման և նրա ապրանքների արտաքին շուկաներ մուտք գործելու նոր հեռանկարներ կբացի:

Ըստ զեկույցի հեղինակների՝ Հայաստանը կարող է կարևոր տարանցիկ հանգույց դառնալ «Հյուսիս – Հարավ»-ին միանալու շնորհիվ։ «Հնդկաստանն ու Իրանն ակտիվորեն աջակցում են այդ նախաձեռնությանը։ Ընթացիկ տարվա մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանը հաղորդել էր, որ Հայաստանի միացումը «Հյուսիս – Հարավ»-ին կարող է իրականացվել իրանական Չաբահար նավահանգստի միջոցով: Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Իրանի և Հնդկաստանի համար։ Իրանը կարող է դիվերսիֆիկացնել դեպի Ռուսաստան և Եվրոպա բեռների մատակարարման երթուղիները։ Այս պահին Ռուսաստանի հետ Իրանի հիմնական ապրանքաշրջանառությունն իրականացվում է Ադրբեջանի միջոցով, այն դեպքում, երբ իրանական ապրանքները Եվրոպա են առաքվում Թուրքիայի տարածքով», – ասված է հետազոտության մեջ։

Միևնույն ժամանակ ԵԶԲ-ի փորձագետները փաստում են, որ Հայաստանի միացումը միջազգային տրանսպորտային միջանցքին հնարավոր կլինի միայն «Հյուսիս–Հարավ» ազգային ավտոմոբիլային մայրուղու հատվածի շինարարության դեպքում, ինչը թույլ կտա կրճատել վրացական սահմանից մինչև իրանական սահման հեռավորությունը:

Այնուհետև հղում անելով պաշտոնական Երևանի հայտարարություններին՝ զեկույցում հիշատակվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարն իրանցի իր գործընկերոջ հետ քննարկել է Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում՝ տեղեկացնելով «Հյուսիս – Հարավ» ճանապարհային միջանցքի շրջանակներում Սիսիան – Քաջարան ավտոճանապարհի նոր հատվածի կառուցման ընթացքի մասին:

Այսպես, ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է երկրի հարավային մարզերը Հայաստանի կենտրոնին կապող այդ հատվածի կառուցման ներդրումային ծրագիրը։ Աշխատանքներ են տարվում Քաջարան–Ագարակ հատվածում, որը կհեշտացնի Իրանի մուտքը: «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածների շինարարությունը կիրականացվի միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ (մասնավորապես ԵՄ-ի տրամադրած վարկային աջակցությամբ), ներառյալ մրցույթների անցկացումը և ֆինանսական ռեսուրսների ներգրավումը:

Փաստաթղթում նշվում են նաև այն երկրների խմբերը, որոնց արտաքին առևտուրը ձգտում է օգտագործել «Հյուսիս-Հարավ»-ի երթուղիները.

1. Այն երկրներն են, որոնք անմիջականորեն շահագրգռված են միջանցքի օգտագործմամբ և հանդիսանում են «Հյուսիս –Հարավ»-ի մասին համաձայնագրի կողմեր՝ Ադրբեջան, Ղազախստան, Հնդկաստան, Իրան և Օման:

2. Այն երկրներն են, որոնք անմիջականորեն շահագրգռված են միջանցքի օգտագործման մեջ, սակայն չեն հանդիսանում «Հյուսիս-Հարավ»-ի մասին համաձայնագրի կողմեր՝ Պակիստան, Թուրքմենստան և Աֆղանստան:3. Այն երկրներն են, որոնք հանդիսանում են «Հյուսիս–Հարավ»-ի մասին համաձայնագրի կողմեր, սակայն չէին կարող մինչև այժմ քաղաքական և տնտեսական պատճառներով օգտագործել միջանցքի ենթակառուցվածքը՝ Հայաստան, Սիրիա և Տաջիկստան:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել