Ստոկհոլմում կայացել է Միրզոյանի հանդիպումը Բլինքենի հետ

Դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին նա տեղեկացնում է Թվիթերում։

«Արդյունավետ հանդիպում եմ ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ։ Հանդիպման ընթացքում շեշտվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո»,- գրել է Միրզոյանը։

Նույն օրը Ստոկհոլմում Բլինքենը հանդիպում է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում ՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանի ընդհանուր վիճակին, գրավյալ տարածքների վերականգնմանը, ականապատ դաշտերին, սահմանային լարվածության պատճառներին, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: