Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիաները՝ ծառայողական մեքենաների թվի ու եղբոր բիզնեսների մասին

Ալեն Սիմոնյանը՝ 1in.am-ի տաղավարում

Հայկ Հովհաննիսյան

Անի Գրիգորյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հարցազրույց է տվել «Առաջին» լրատվականին (1in.am)՝ խոսելով եղբոր ղեկավարած ճանապարհաշինական ընկերության՝ պետգնումներում հաղթանակների, ինչպես նաև ԱԺ նախագահի համար թանկարժեք մեքենա ձեռք բերելու նպատակահարմարության և այլ հարցերի մասին։

Որքանո՞վ են կրճատվել ծառայողական մեքենաները

Անդրադառնալով իր համար շուրջ 180 000 դոլարով նոր մեքենայի ձեռք բերման որոշման վերաբերյալ քննադատություններին՝ Սիմոնյանը նշեց, թե «դա անհրաժեշտություն էր, և այն ձեռք է բերվել ավելի մեծ ծախսերից խուսափելու համար»։

«Էդ որ վարչապետի ելույթներն են օրինակ բերում, ասում են՝ պադավատապետություն չի։ Հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավել տոկոսով կրճատվել են»,-հայտարարեց Սիմոնյանը՝ պնդելով, թե նույնն արել է Ազգային ժողովը։

Այսպես, պետական բյուջեում յուրաքանչյուր տարի առանձին աղյուսակով ներկայացվում է պետական իշխանության բոլոր մարմինների (բացառությամբ՝ ԱԱԾ, ոստիկանություն, պաշտպանության նախարարություն) ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերաբերյալ տեղակատվությունը։

Ըստ այդ տվյալների՝ 2017 թվականին ծառայողական մեքենաների թիվը եղել է 915, 2018-ին՝ 902:

2019-ին ի սզբանե ցուցանիշը նշված էր 834, որը 2018-ի համեմատ կրճատվել էր 68 մեքենայով, սակայն իրականացվել էր տվյալների ճշգրտում, և ցուցակում ներառվել էր այն մեքենաների թիվը, որոնց պահպանման ծախսերը մինչև 2019թ. ներառյալ կատարվում էին արտաբյուջետային միջոցների հաշվին։ Եվ 2019-ին ծառայողական մեքենաների թիվը դարձել էր 1 082:

2020-ին ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 158-ով՝ դառնալով 924: Իսկ 2021-ին ծառայողական մեքենաների թիվը 923 է։ 2022-ի պետական բյուջեի նախագծում մեքենաների սահմանաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը դեռ չկա։

Փաստացի, Սիմոնյանի պնդումը, թե ծառայողական մեքենաները կրճատվել են 40 տոկոսից ավել, չի համապատասխանում իրականությանը։ Եթե վերցնենք 2019-ի ճշտված տվյալները՝ 1 092, և 2021-ի ցուցանիշը՝ 923, ապա ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է ընդամենը 15 տոկոսով։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ծառայողական մեքենաների թվին, ապա եթե 2018-ին դրանց թիվը 81 էր, ապա 2021-ին, ըստ բյուջեի, 66 է։ Փաստացի կրճատվել է 15-ով՝ 19 տոկոսով։

Զրահապատ մեքենան

Սիմոնյանը նաև հայտարարեց, որ ինքը հրաժարվել է ավելի թանկ զրահապատ մեքենայի ձեռքբերումից՝ հիշեցնելով 2020թ․ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի մասին, երբ մի խումբ անձինք հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։


«Մենք ունեցանք դեպք, որ իմ ընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահին, մեկ տարի առաջ մահափորձ արեցին, եթե նա լիներ զրահապատ մեքենայի մեջ՝ իրան ոչ մի բան չէր լինի»,- ասաց Սիմոնյանը։

Սակայն Սիմոնյանի այն պնդումը, թե զրահապատ մեքենայով տեղափոխվելու դեպքում Միրզոյանը անվնաս կմնար, առնվազն տարակուսելի ու մանիպուլյատիվ է, քանի որ հրապարակված տեսանյութում նաև երևում է, որ մեքենայի վարորդն է ներսից բացել վարորդական դուռը, որից հետո նոր ցուցարարներին հաջողվել է Միրզոյանին նախ՝ իջեցնել ծառայողական մեքենայից, այնուհետև՝ դաժան ծեծի ենթարկել։ Այս դեպքում մեքենայի զրահապատ լինելը կամ չլինելը որևէ կարևորություն չուներ, քանի որ ավտոմեքենայի վրա չէին կրակել, և Միրզոյանը հարձակման չէր ենթարկվել ավտոմեքենայի մեջ։

Եղբոր ղեկավարած բիզնեսների մասին

Սիմոնյանն անդրադարձավ նաև իր եղբոր ղեկավարած ընկերության՝ պետական գնումներում հաղթանակներին։

«Հետաքննող լրագրողներ կան՝ գրանտներ են շահում, հարցազրույցներ են տալիս, և դա բավարարում է միայն այն բանի, որ ֆիքսում են, որ իմ եղբայրն աշխատում է մի տեղ ու որպես հասարակ աշխատակից և բավարարվում են նրանով, որ գնում են 86 տարեկան տատիկիս դռան հետևից նկարում են, որն ասում է, որ տանը մարդ չկա»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ պետական գնումների մրցույթներում շահելը կամ չշահելը որևէ ձևով չի անդրադառնում իր եղբոր աշխատավարձի կամ եկամուտի վրա։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, տնօրեն է «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1» ընկերություններում, փոխտնօրեն՝ «Թի էս քնսթրաքշն» ընկերությունում։

Պետական գնումներում այս տարի խոշոր գնումներում հաղթել է Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը՝ պետական մարմինների հետ կնքելով 749 միլիոն դրամի կամ 1,5 մլն դոլարի պայմանագրեր։

Ինչպես արդեն նշեցինք՝ Կառլեն Սիմոնյանը «հասարակ աշխատակից» չէ, այլ այդ ընկերությունների տնօրենն է։ Ինչ վերաբերում է Սիմոնյանի պնդմանը, թե այդ մրցույթներում շահումը կամ չշահումը որևէ ձևով չի անդրադառնում իր եղբոր աշխատավարձի կամ եկամուտի վրա, այն մանիպուլյատիվ է, քանի որ պետական գնումների մրցույթներում հաղթանակների արդյունքում փոխանցվող գումարներն ուղիղ առնչություն ունեն ընկերության ֆինանսական վիճակի, շահութաբերության, նաև՝ աշխատավարձային ֆոնդի ձևավորման ու դրա բաշխման հետ։ Կառլեն Սիմոնյանի աշխատավարձը կարող է կախված լինել գնման մրցույթի արդյունքներից, և հաղթանակի դեպքում այդ աշխատավարձը կարող է աճել։

«Մի հատ թող նայեն իմ եղբայրը որտեղ է ապրում, ինչ ունեցվածք ունի։ Դժվար չէ»,- հավելում է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, հայտարարատու անձ չէ, ուստի նրա ունեցվածքին չենք կարող ծանոթանալ։ Մինչդեռ Բարձրաստիճան անձանց հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ Կառլեն Սիմոնյանը 2020թ. օգոստոսին գնել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանից Կոտայքի Ջրվեժ համայնքում գտնվող նրա ամառանոցը։ Հայտարարագրից պարզ է դառնում, որ գնորդը Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինե Հովհաննիսյանը, և եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Գործարքի գինը կազմել է 68 000 000 դրամ կամ մոտ 140 000 դոլար։ Բացի այդ, համաձայն Կադաստրի գործակալությունից ստացված տվյալների՝ Կառլեն Սիմոնյանին է պատկանում Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարանի սեփականության ¾-ը։

Սիմոնյանը նաև պնդեց, թե իր եղբոր ընկերությունը մասնակցել է պետական գնման 10-15 մրցույթի, սակայն չի շահել։ Այս պնդումը ճշտելու համար ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել Պետական գնումների գործակալություն։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանը սխալ տեղեկություն է հայտնել ծառայողական մեքենաների թվաքանակի կրճատման վերաբերյալ և մանիպուլացրել է իր եղբոր ղեկավարած ընկերության վերաբերյալ փաստերը։

Մեկնաբանել