Միշտ պատրաստվել վատագույնին

2020 war nk karabakh

1993 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Մոգադիշոյի ճակատամարտը: Մոտ 160 ամերիկացի բանակային «ռեյնջեր»՝ հատուկջոկատայիններ, ստացել էին առաջադրանք կայծակնային մարտի միջոցով գտնել և ձերբակալել Մոհամեդ Աիդիդին` սոմալիական ապստամբ խմբավորումներից մեկի հրամանատարին:

Կայծակնային մարտի փոխարեն, որն ըստ սկզբնական պլանի՝ պետք է տևեր 30 րոպե, ծավալվեց երկար կռիվ: Ամեն ինչ «թարս» գնաց. Մոգադիշոյի լաբիրինթոսանման փողոցներում ամերիկացի զինվորականները մի քանի անգամ մոլորվեցին և ընկան ապստամբների ինտենսիվ կրակի տակ: Ապստամբները, գործածելով հասարակ հակատանկային նռնականետեր, կարողացան խոցել ամերիկյան հարվածային-տրանսպորտային մի քանի Black Hawk ուղղաթիռ: Մարտը կես ժամվա փոխարեն տևեց երկու օր:

Ամերիկացիները այդպես էլ չկարողացան ձերբակալել Աիդիդին: Զոհվեց 19 հատուկջոկատային: Սոմալիեցի ապստամբները ամենահամեստ հաշվարկներով կորցրին մոտ 500 զինյալ:

Թվում է, թե կորուստների այսպիսի հարաբերակցության դեպքում ամերիկացիները կհամարեին, թե հաղթել են: Բայց թշնամու կորուստները ամերիկյան հրամանատարությանը քիչ են հետաքրքրում: Այսպիսի ելքը ամերիկյան հրամանատարության համար մեծ շոկ էր: 19 հատուկջոկատայինների կորուստը միանշանակ գնահատվեց որպես ձախողում: Այս գործողության մասին նկարահանվեց մի քանի վավերագրական և գեղարվեստական կինոնկար (Black Hawk Down), գրվեցին գրքեր, իրադարձությունը ենթարկվեց մանրակրկիտ վերլուծության և հասարակական քննարկման: Ամերիկայան ռազմական ակադեմիաներում ապագա սպաներն այժմ անցնում և մանրամասն վերլուծում են ճակատամարտի ամեն րոպեն՝ ինչ եղավ և ինչու, և ամենակարևորը` ինչ դասեր քաղել այս ձախողումից: Այս փորձը բերեց հատուկ նշանակության զորքերի մարտավարության արմատական փոփոխությունների:

Ինքնաքննադատական այս երկար գործընթացի արդյունքն այն էր, որ 1993 թվականից այս ծավալի ձախողումներ այլևս չեն եղել ամերիկյան հատուկջոկատայինների պատմության մեջ: Դա չի նշանակում, որ ամերիկյան հատուկ նշանակության զորքերը այլևս անհաջողություններ չեն ունեցել: Կարևորն այստեղ այն է, որ ռազմական ամեն ձախողումից հետո արվում է փորձի ակտիվ քննարկում, կատարվում է մանրամասն ուսումնասիրություն, որից հետո քաղվում են դասեր: Այս ամենը ունի մեկ նպատակ՝ կանխել սխալների կրկնությունը: Դրա միջոցով է, որ ամերիկյան զինված ուժերի արդյունավետությունը ժամանակի ընթացքում միշտ բարձրանում է. նրանց կորուստները նվազում են, իսկ նրանց թշնամիների կորուստները՝ մեծանում: Ամեն անհաջողությունից դաս քաղել. դա է ապագա հաղթանակների հիմնական գրավականը: Ամերիկացիները դա շատ լավ են հասկանում:

Ի՞նչ դաս քաղեցինք Ապրիլյան պատերազմից

Եկեք համեմատենք թվերը: Ամերիկյան բանակը հայկական բանակից 20-30 անգամ մեծ է: Այսինքն՝ ամերիկացի 19 զինվորների կորուստը հայկական բանակի սանդղակով կլիներ, որ զոհվեր ընդամենը ՄԵԿ հայ հատուկջոկատային: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ՄԵԿ զինվորականի կորուստը մեր զինուժում բերեր այսիպիսի ծավալի ինքնաքննադատության և մարտավարական լուրջ փոփոխությունների: Միայն այս միտքը արդեն ծիծաղելի կլիներ, եթե այն այդքան տխուր չլիներ:

Վերցնենք 2016 թվականը: Ի՞նչ եղավ Ապրիյլան պատերազմից հետո: Արյդոք մենք ինչ-որ դասեր քաղեցի՞նք: Հայկական հրամանատարությունը ապրիլյանից հետո «հաղթանակ» հայտարարեց, չնայած անգամ անզեն աչքով երևում էր, որ հսկայական ձախողումներ են եղել: Մեր հետախուզությունը լրիվ ձախողեց իր գործը և չկարողացավ զգուշացնել սպառնացող հարձակման մասին: Մեր առաջնագիծը անպատրաստ գտնվեց և կարճ ժամանակում կորցրեց առնվազն 8 քառ. կմ տարածք: Մեր զինվորները որոշ դեպքերում համարյա մեկ ժամ ստիպված էին սպասել կրակ բացելու հրամանի: Մեկ ժամ ուշացում, որի հետևանքը տասնյակ՝ գուցե խուսափելի կորուստներն էին:

Եվ ի՞նչ եղավ պատերազմից հետո՝ մի քանի խորհրդանշական պաշտոնանկությունից բացի: Ի՞նչ հետևություններ մենք արեցինք ԱԹՍ-ների սպառնալիքի մասին: Հիշո՞ւմ եք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տխրահռչակ հարցազրույցը, որտեղ նա ԱԹՍ-ը համեմատում էր «գռանատամյոտի» (ականանետ) հետ ու ասում, որ իսրայելական «Հարոպ» անօդաչուներն «անարդյունավետ» են: Բոլորը զբաղված էին ամեն ինչ նսեմացնելով, կոծկելով և մեղքն իրար վրա բարդելով: Այդ դեպքում արդյոք կանխորոշված չէ՞ր 2020 թվականի պատերազմի ելքը:

Ամերիկացիներն իրենց առօրյայում մի շատ լավ ասացվածք ունեն՝ prepare for the worst, hope for the best կամ՝ պատրաստվիր վատագույնին, հուսա լավագույնը: Իսկ ի՞նչ ենք մենք ինքներս մեզ ասել 26 տարի շարունակ՝ որ «լյոխ լավ կըլնի»:

Երբ իսկապես պատրաստ ես վատագույնին, վատագույնը կա՛մ չի լինում, կա՛մ էլ վախենում է քեզ մոտենալ: Վատագույնին պատրաստվողի մոտ համարյա միշտ ամեն ինչ լավ է: Իսկ «լյոխ լավ ա» ասողի հետ կատարվում է վատագույնը: Սա այդպես է ցանկացած հարցում՝ Լինի դա քո ավտանգությունը, քո վերաբերմունքը կորոնավիրուսին, թե քո անձնական կամ աշխատանքային կյանքը:

Այստեղ շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել մեր զինուժին կամ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին, Քոչարյանին…

Պետք է վերջապես հասկանալ, որ մեր զինուժն ու երկրի ամբողջ ղեկավարությունը ընդամենը հասարակության արտացոլումն են: ԱՄԲՈՂՋ հասարակությունն է այսպես վերաբերվում իր գործին: Մենք ինքներս ենք այսպիսին մեր ամենօրյա որոշումներում: Երբ մեկը ինչ-որ բանի մասին տարակուսանք է արտահայտում, մենք ի՞նչ ենք ասում՝ «ստից բան ա», «բերանդ խերով բացի», «մի կռռա», «արխային, լյոխ լավ կըլնի»:

Պետք է սկսել ինքներս մեզնից, մեր առօրյայից: Ուզում ես, որ երկիրդ փոխվի՞: Այլևս չե՞ս ուզում 2020 թվական: Սկսի՛ր քեզանից, փոխի՛ր ինքդ քեզ:

Արեգ Դանագուլյանը ֆիզիկոս է, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր։

Մեկնաբանել