Միգրացիան ու գործազրկությունը Հայաստանում. մամուլում սխալ թվեր են շրջանառվել

Երևանի Զվարթնոց օդանավակայանը

Հովհաննես Նազարեթյան

News.am-ը դեկտեմբերի 2-ին ռեպորտաժ է պատրաստել «Մտահոգիչ թվեր. արտագաղթի և աղքատության ցուցանիշներն աճում են Հայաստանում» վերնագրով՝ անդրադառնալով արտագաղթի և աղքատության ցուցանիշներին։

Լրագրողը ռեպորտաժում ներկայացնում է տնտեսագետ, «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանի խոսքից մի հատված. «Երևանում, որտեղ կենտրոնացված է պետական ապառատն ու բիզնեսը, միջին աշխատավարձը 310 000 է, իսկ մարզերում երեք անգամ ցածր է»։

Մինչդեռ, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ նոյեմբերի 23-ին հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն, 2021թ. հունվար-սեպտեմբեր» հրապարակման, 2021-ի երրորդ եռամսյակում Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 224 411 դրամ, իսկ Հայաստանում միջին աշխատավարձը 203 230 դրամ է։

Մարզերից միջին աշխատավարձը ամենացածրը Գեղարքունիքում է՝ 124 099 դրամ, իսկ Սյունիքում միջին աշխատավարձը նույնիսկ բարձր է Երևանի ցուցանիշից. այն կազմում է 283 719 դրամ։

Այսպիսով, ըստ վիճկոմիտեի, Երևանում միջին աշխատավարձը ոչ թե 310, այլ 224 հազար դրամ է։ Մարզերում էլ այն Երևանի ցուցանիշից երեք անգամ ցածր չէ, անգամ մի մարզում՝ Սյունիքում, այն Երևանից էլ բարձր է։

Մեկնած-ժամանածներ

News.am-ի լրագրողը ներկայացնում է այս տարի Հայաստան օդային ճանապարհով ժամանած և մեկնած անձանց թվերը. «2021թ. 8 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը ժամանածների թվից ավելի է շուրջ 64 հազարով։ 9 ամսում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը ժամանածների թվից ավելի է 74 506-ով։ Իսկ 10 ամսում՝ 84 934-ով։ Փաստորեն, Հայաստանից միգրացիայի բացասական սալդոյի տեմպերը երեք ամսում աճել են 33 տոկոսով»:

Վիճակագրական կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ամսական կտրվածքով ժամանումների և մեկնումների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացնում։ Սակայն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը ՍիվիլՆեթին տրամադրեց մեկնած-ժամանածների մասին տվյալները։ Ստորև ներկայացված են Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններով վերը նշված ժամանակահատվածներում ժամանած և մեկնած քաղաքացիների թվերը և դրանց տարբերությունը։

Այպիսով, News.am-ի ռեպորտաժում ներկայացված թվերը հունվար-օգոստոս և հունվար-սեպտեմբեր ամիսների մասով ճիշտ են, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների մասով՝ ոչ։ Այս տարվա առաջին տասն ամիսներին օդային ճանապարհով մեկնել է ոչ թե 84 934-ով ավելի քաղաքացի, այլ 75 750։

Աղքատություն և գործազրկություն

Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը շուրջ 27% է, իսկ գործազրկությունը՝ շուրջ 19%։

Ըստ Վիճկոմիտեի պատրաստած «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020 թվականներին» զեկույցի՝ 2020-ին Հայաստանում աղքատության մակարդակը, իրոք, 27% է։ Ինչ վերաբերում է գործազրկությանը, ապա այն, ըստ Վիճկոմիտեի, 2020-ին կազմել է 18,1%, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 15%, այլ ոչ թե 19%։

Մեկնաբանել