ՏԻՄ ընտրություններ Լոռիում․ ճանապարհի ու ապագայի խոստումներ, հին չլուծված խնդիրներ

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Մխիթարյանը և «Հանրապետություն» արտախորհրդարանական կուսակցության անդամ Սուրեն Թումանյանը: Թումանյան համայնքի մեջ ընդգրկված է ինը գյուղ՝ Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Դսեղ և Չկալով: Վերջին երկուսը Թումանյան համայնքի կազմում ընդգրկվել են երկու ամիս առաջ, համայնքի երկրրդ խոշորացմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021-ի մարտի 1-ի որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Մխիթարյանը նշանակվել է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ընտրությունների քարոզչությանը Մխիթարյանը արձակուրդ է վերցրել: Նա համայնքի ղեկավարի աշխատանքի փորձ չունի, սակայն իշխող կուսակցությունը ինը հոգսաշատ բնակավայրերի ճակատագիրը հենց նրան է վստահել: Մխիթարյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Ընտրողների շրջանում քարոզչություն է իրականացնում «Ապագա կա՝ Թումանյան» նշանաբանով:

«Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Սուրեն Թումանյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: Նա ինը տարի զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: Երկու թեկնածուներն էլ քարոզչության ընթացքում գերադասում են ընտրողների հետ անհատական հանդիպումները:

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Մխիթարյանը

Թումանյան համայնքի կազմում գտնվող Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերի բնակիչները համայնքի առաջին խոշորացումից հետո շատ անգամ են ընդվզել գյուղերից սարերի ամառանոցներ գնացող և Թումանյան –Աթան 28 կմ երկարությամբ ճանապարհների անանցանելի վիճակի դեմ: Աթան –Թումանյան ճանապարհի անբարեկարգ վիճակի պատճառով գյուղացիները ստիպված են եղել իրենց արտադրած գյուղմթերքները շուկայականից ցածր գներով վաճառել ապրանքի հետևից գյուղ եկած վերավաճառողներին: Ճանապարհների հարցով գյուղացիների պահանջը համայնքի առաջին խոշորացումից հետո չի լուծվել:

Տիգրան Մխիթարյանը դեկտեմբերի 2-ին Սիվիլնեթին հայտնեց, որ կառավարությունն արդեն 2 միլիարդ 800 մլն դրամ է հատկացրել Աթան- Թումանյան ճանապարհի կապիտալ վերանորոգման համար: Մխիթարյանի խոսքով՝ ճանապարհի կառուցման մրցույթի հաղթող շինարարական կազմակերպությունը հայտնի է․ ճանապարհահատված է տեղափոխվել վերանորոգման աշխատանքերի տեխնիկան՝ առաջիկա օրերին ճանապարհի վերանորոգումը սկսելու համար:

Վարչապետ Փաշինյանի կողմից Աթան –Թումանյան ճանապարհի կապիտալ վերանորոգման նպատակով ՏԻՄ ընտրությունների շեմին պետբյուջեից 2 միլիարդ 800 մլն դրամի հատկացումը իր կուսակցության թեկնածուի ընտրական հաղթաթուղթն է:

«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Սուրեն Թումանյանը իրատեսական չի համարում Աթան –Թումանյան ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն այս օրերին սկսելու մասին խոսակցությունը․ «Աթան – Թումանյան ճանապարհը խիստ անհրաժեշտ է Մոտկորի գյուղացիներին, թող սարքեն ճանապարհը, ես ուրախ կլինեմ դրա համար: Բայց կարծում եմ ձյունով ծածկված ու սառած ճանապարհների վերանորոգումը սկսելու մասին խոսակցությունը այսօր ընդամենը ընտրողներին գրավելու միջոց է»:

Սուրեն Թումանյանը՝ ձախից

Երկու ամիս առաջ Թումանյան համայնքի մեջ մտած՝ 2 300 բնակիչ ունեցող Դսեղի հիմնախնդիրները տեղ չեն գտել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրերում: Վերջինիս թեկնածուն պարզաբանում է, թե «հատուկ հանձնաժողովով ընտրողների հետ հանդիպումների ժամանակ պարզել է Դսեղի հիմնախնդիրները, դրանց կանդրադառնա ընտրվելուց հետո»:

«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Սուրեն Թումանյանը նախընտրական ծրագրով որոշել է առաջնահերթ լուծել Դսեղի խմելու ջրի 12-ժամյա մատակարարումը, գյուղի 660 հեկտար վարելահողերի ոռոգման ցանցի ստեղծումն ու ցանցի պահպանված հատվածի վերականգնումը:

Դսեղցիները այս պահին մշակում են 10 հեկտար վարելահող: Սա հողի մշակման եզակի ցուցանիշ է մարզում: Դեռ 13 տարի առաջ «Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և գյուղի 660 հեկտար վարելահողերի ոռոգման խնդիրը լուծելու համար «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը շուրջ մեկ միլիոն դոլար ներդրմամբ Լորուտի Իքատակ հանդամասի Սարիբուլլաղ գետակից սնվող՝ 9,5 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցել, սակայն այդ ծրագիրը «ծովերի» ջրի բարձրացման և Դսեղի ոռոգման ջրի խնդիը չի լուծել՝ փլվել ու քանդվել է:

2016-ին Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի 80 մլն դրամ ներդրմամբ վերականգնվել է նույն ջրագծի 4,5 կմ հատվածը: Դսեղի ոռոգման ջրագիծը նորից չի գործել: Համայնքի ղեկավարի թեկնածու Սուրեն Թումանյանն ասում է՝ անցյալում «շատ վատ բաներ են կատարվել Դսեղի նկատմամբ, բայց հիմա ժամանակը չէ դրանով զբաղվելու, հիմա պետք է ֆինանսական միջոցներ հայթայթել՝ Դսեղի ոռոգման ջրի խնդիրը անհապաղ լուծելու համար»:

Վերջերս Դսեղի համայնքապետարանը հինգ միավոր գյուղմեխանիզացիա է ստացել, դա դսեղցիներին ոգևորել է: Այսուհանդերձ, հին ավանդույթները Դսեղում շարունակվում են, դսեղցի Ադամ Ռամազյանի ասելով՝ վերջերս խմելու ջրի ցանցը վերանորոգել են, բայց գյուղի խմելու ջրի մատակարարումը շարունակում է չգոհացնել գյուղացիներին: Ադամ Ռամազյանը ոռոգման ջրի պատճառով չի մշակում իր 4 000քմ հողը, այն որպես խոտհարք է օգտագործում:

Դսեղցի Էդիկ Եգանյանն ասում է՝ հողից եկամուտ ստանալ իրեն չի հաջողվում: Էդիկը 9 հազար մետր հող ունի, սակայն այն չի մշակում: Նա գտնում է, որ հողը մշակելու համար դսեղցիների մտածելակերպը պետք է փոխվի: Էդիկի կնոջ՝ Անահիտի խոսքով Դսեղի ժողովուրդը աշխատող չէ, անկախության տարիներին անգործությունից ծուլացել է:

Դսեղի մեկ այլ բնակիչ Սիլվա Եղիկյանն անկնկալում է, որ Թումանյան համայնքի ղեկավարի՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունից հետո Դսեղում կարող է ինչ-որ բան փոխվել: Զարեն Անտոնյանի խոսքով՝ եթե ընտրվող համայնքապետը դսեղցի լինի, Դսեղը կզարգանա (անցած տարիներին գյուղի բոլոր համայնքապետերը դսեղցիներ են եղել)։

«Վատ ապրելու գործում մենք էլ մեր մեղքն ունենք, հողը չենք մշակում, բայց մեր ժողովրդի մեղքը ո՞րն է, որ ոռոգման ջուր չունի»,- ասում է Զարեն:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի