Իսմի Աղաև, OC Media
Բաքվում առնվազն 40 ցուցարար է կալանավորվել ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Սալեհ Ռուստամլիի ազատությունը պահանջող բողոքի ցույցի ժամանակ՝ համաճարակի առողջապահական ռեժիմի կանոնները խախտելու համար: Սալեհ Ռուստամլին մոտ մեկ ամիս հացադուլի մեջ է։
Հանրահավաքը տեղի է ունեցել Բաքվի Շատրվանների հրապարակում դեկտեմբերի 1-ին։ Ոստիկանության կողմից բերման ենթարկվածների մեծ մասն ազատ է արձակվել։ Դրանց թվում բազմաթիվ ակտիվիստներ են, այդ թվում՝ նախկին քաղբանտարկյալներ Թոֆիք Յաղուբլուն, Իլքին Ռուստամզադեն, Նիգար Հազին:
Յաղուբլուն և Դադաշզադեն, ըստ երևույթին, դաժան ծեծի են ենթարկվել իրենց կալանավորման ընթացքում, ընդ որում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Յաղուբլուն պնդել է, որ իրեն ծեծել և խոշտանգել է ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Ընդդիմադիր կուսակցականի խոսքով՝ իրեն գլխարկ են հագցրել և տարել հեռավոր մի տարածք, որտեղ ստիպել են խոստանալ հրաժարվել քաղաքական ակտիվիզմից։ Այնուհետ ի վերջո նրան ազատ են արձակվել Բաքվի հարավ-արևմուտքում գտնվող Ալաթ բնակավայրում:

Ներքին գործերի նախարարության խոսնակ Էհսան Զահիդովի խոսքով՝ ցույցն անօրինական է եղել, քանի որ ցուցարարները համապատասխան մարմիններից թույլտվություն չէին ստացել այն անցկացնելու համար։ Նախարարության հայտարարությունը ցույցն անվանել է «հատուկ [COVID-19] կարանտինային ռեժիմի կանոնների կոպիտ խախտում»։
Բերման ենթարկված ցուցարարներից հինգի նկատմամբ կիրառվել է 15-ից 30-օրյա վարչական կալանք՝ համաճարակի կանոնները խախտելու համար։ Նրանցից չորսը Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներ են։
Կուսակցության նշանավոր և երկարամյա անդամ Ռուստամլին 2019-ի փետրվարին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ փողերի լվացման մեղադրանքով. նա հացադուլ է հայտարարել՝ իրեն ազատ արձակելու պահանջով։
Դեկտեմբերի 2-ին Ռուստամլիի որդին՝ Սեզգին Ռուստամլին, հայտնել էր, որ հոր վիճակը գնալով վատանում է, և որ հայրը ժամանակ առ ժամանակ ուշաթափվում է։
Նա նաև ասել է, որ հայր Ռուստամլին հանդիպել է փաստաբանի հետ և ներողություն խնդրել նրանցից, ովքեր վիրավորվել կամ կալանավորվել են բողոքի ցույցի պատճառով։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի