Զտված ասուլիս, միջանցքներ, եռակողմ հանդիպում․ «Շաբաթվա ֆեյքերը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսը և նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները ձևավորեցին անցած շաբաթվա ինչպես տեղեկատվական, այնպես էլ ապատեղեկատվական օրակարգը։

Փաշինյանը, որը ժամանակին խոսում էր կառավարության թափանցիկության, հաշվետվողականության մասին և վարչապետության առաջին օրերին ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում էր իր ամեն մի քայլը, 2021-ին կտրուկ կերպով սահմանափակել է իր շփումները հանրության հետ։ Փաստերի ստուգման հարթակը նույնիսկ հաշվել է, որ Փաշինյանը 2018-2020 թվականներին շուրջ 100 ֆեյսբուքյան ուղիղ եթեր է ունեցել իր էջում, մինչդեռ այս տարի այդ ուղիղ եթերների թիվը, վերոհիշյալ ասուլիսը ներառյալ, ընդամենը երեքն է։ Ընդ որում, ասուլիսի ձևաչափն էլ շատ ավելի «վերահսկելի» և «զտված էր»։ Հարցերը անհրաժեշտ էր ուղղել կառավարության էլեկտրոնային փոստին։ Այս մոտեցումը հնարավորություն էր տվել վարչապետին ընտրել իրեն հարմար թեմաները և չպատասխանել խնդրահարույց հարցերին։

Ավելի քան երկու ժամ տևած ասուլիսը վարչապետը օգտագործեց Սոչիում սպասվող բանակցություններին ընդառաջ սահմանների, ճանապարհների, անկլավների մասին իր դիրքորոշումները հստակեցնելու համար։

Վարչապետը նաև առիթն օգտագործեց քաղաքական հակառակորդներին հակադարձելու համար, մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատարկվող գյուղերի մասին իր հայտարարությամբ։

Ակնհայտ էր, որ հայտարարությունն ուղղված էր ընդդիմությանը, սակայն Ադրբեջանի հետ բանակցություններին ընդառաջ մարզի ժողովրդագրական անմխիթար պատկերը ներկայացնելը ակնհայտորեն չէր բխում Հայաստանի շահերից։ Ընդ որում, Սիվիլնեթի անցկացրած հետազոտությունից կարելի է եզրակացնել, որ վերջին 20 տարիների ընթացքում վարչապետի հիշատակած վեց գյուղերում բնակչությունը կրկնակի նվազել է։

Ասուլիսում վարչապետը նաև շրջանառեց այն թեզը, թե ի տարբերություն քաղաքական հակառակորդների՝ ինքը «լուրջ է վերաբերվում պետությանը, դրոշին»։

Ինչ վերաբերում է Սոչիում երեք ղեկավարների հանդիպմանը՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանում հանդիպմանն ընդառաջ առավել շահարկվող թեման այն էր, թե արդյոք կողմերը քննարկելու են Հայաստանի տարածքով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհային միջանցքի հարցը, սակայն բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունում նմանօրինակ «միջանցքի» մասին որևէ խոսք չկա։

Այդուհանդերձ, ադրբեջանական կողմում շահարկվում է այն թեման, թե իր խոսքում Ռուսաստանի նախագահը հնչեցրել է «ճանապարհային միջանցքները ապաշրջափակել» ձևակերպումը՝ խոսելով Հարավային Կովկասում բոլոր ճանապարհների բացման մասին։ Արդյոք սա պատահականությո՞ւն է, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը։

Ի դեպ՝ Սոչիի հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե «ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության մեկնարկից ի վեր՝ նախորդ տարվա նոյեմբերի 10-ից, մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել», բավականին մանիպուլյատիվ է։
Փաստերի ստուգման հարթակը այս կապակցությամբ մատնանշել է 2020թ․ դեկտեմբերի 11-ին ադրբեջանական ուժերի կողմից «Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթումը», 2021թ․ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորը վարող քաղաքացիական անձի սպանությունը, 2021թ․ նոյեմբերի 8-ին Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանցից մեկի սպանությունը և ևս երեքի ծանր վիրավորումը, 2021թ․ օգոստոսի 11-ին Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառումը։