Ինչ էր «շաղ տալիս» ուղղաթիռը. պաշտպանության նախարարությունը պարզաբանում է

Ֆեյսբուքի հայկական տիրույթում դեկտեմբերի 2-ին և 3-ին օգտատերերն ահազանգում էին, որ Հայաստանի մի շարք շրջաններում ուղղաթիռն անհասկանալի նյութ է շաղ տալիս՝ կցելով նաև տեսանյութեր։

Այս գրառումները օգտատերերի շրջանում արագ արձագանք և տարածումներ ստացան, իսկ դրանց մեկնաբանություններում օգտատերերը անհանգստություն էին հայտնում և պատկան մարմիններից պարզաբանումներ պահանջում։ Իրենց հերթին հակապատվաստումային շարժման կողմնակիցները դավադրապաշտական տեսություններ էին տարածում և կապում ուղղաթիռի թռիչքը COVID-19-ի տարածման և «ժողովրդին վիրուսով թունավորելու» հետ։

Կարեն Չախալյան անունով օգտատերը, որի դեկտեմբերի 2-ի հրապարակումը ստացել էր ավելի քան 700 տարածում, կարծիք էր հայտնել, որ ուղղաթիռի կողմից տեղափոխվողը «հեղուկ է, որը կարա վարակված լինի 1000 տեսակ վիրուսով», ինչպես նաև առանձին մատնանշել այն, որ ուղղաթիռի հաղորդիչը (transponder) անջատված է եղել։

ՍիվիլՆեթը հարցումներ ուղարկեց արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարություններ՝ փորձելով պարզել, թե ինչ էին իրականում տանում տեսանյութերում երևացող ուղղաթիռները։

Սակայն պաշտպանության նախարարությունը քիչ առաջ մամուլի հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ զինված ուժերի օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։

«Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։ Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին»,- հայտնում են նախարարությունից։

Լուսանկար զորավարժություններից։ Աղբյուր՝ պաշտպանության նախարարություն։

Օգտատերերի կողմից տարածված տեսանյութերում, ինչպես նաև ՊՆ հաղորդագրության մեջ օգտագործված նկարներում երևացող ուղղաթիռը ՊՆ հաշվեկշռում գտնվող Մի-8 տիպի ուղղաթիռն է, որը տեղափոխում ոչ թե «վիրուս ցանող» սարք, այլ հրդեհաշիջման համար օգտագործվող ուղղաթիռային ջրցան դույլ (ковш)։

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Չախալյանի մատնանշած փաստը այն մասին, որ թռչող ուղղաթիռի հաղորդիչը (transponder) անջատված է եղել՝ առնվազն տարակուսելի է, քանի որ որպես կանոն ռազմական ուղղաթիռների թռիչքների ժամանակ դրանց տվյալերը չեն հաղորդվում և օնլայն հարթակներում, ինչպիսին flightradar24.com-ն է, չեն երևում։

Տարածվող տեսանյութերում երևացող ուղղաթիռի թռիչքի ընթացքում ջրի թափվելը՝ այդ թվում բնակավայրերի մոտ, պայմանավորված է նրանով, որ ջրցան դույլը փակ չէ և շարժման ընթացքում ջուրը թափվում է։ Բուն հրդեհաշիջման ժամանակ կրակի վրա ջուրը թափվում է արդեն ջրցանի հատակից, ինչն էլ երևում է ՊՆ-ի կողմից հրապարկված նկարներից մեկում։

Ջրցան դույլի աշխատանքի սխեման։ Նկարի աղբյուրը՝ ՊՆ

Մեկնաբանել