Համեմատե՛ք համանախագահների՝ կարգավորման առաջարկները իրականության հետ և եզրահանգումնե՛ր արեք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ:

«Հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության մտքերին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել էր. «Եթե ինչ-որ մեկը (Հայաստանում) ինչ-որ բան հանձներ, մի քանի տարբերակ կար դա անելու, ներառյալ՝ Լավրովի պլանը»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել։ Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։ Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը»,- նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նախարարությունից հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը Ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր։

Ռուսաստանի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ կարգավորման պլանի վերջին տարբերակը Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել 2019-ին։ Դրանով, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, նախատեսվում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջանները, երկրորդ փուլում՝ երկուսը՝ դա անպայմանորեն կապելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ։

«Պլանի այլ տարրերից էին՝ ԼՂ իրավունքների ճանաչում, որոնք կապահովեին բնակչության լիարժեք կենսագործունեությունը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցություն ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացում, սահմանների բացում, կողմերի կողմից ուժ չկիրառելու պարտավորության ընդունում, Լաչինի միջանցքի լայնության ու կարգավիճակի հարցի լուծում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի (խմբ․ – Քարվաճառ) և Լաչինի շրջանների վերադարձը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա մինչև 2020 թվականի աշունը բանակցությունների սեղանին առկա առաջարկները նախատեսում էին հետևյալը․ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում՝ համաժողովրդական քվեարկության միջոցով՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո, կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։ Քվեարկությունը պետք է լիներ իրավական առումով պարտադիր՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համապատասխան, ընդ որում, քվեարկության դրվող հարցերի ձևակերպումները կամ հարցերը չէին սահմանափակվելու, և ցանկացած արդյունք պետք է հարգվեր կողմերի կողմից»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։

Տվյալ առաջարկները, թեև չի հաջողվել հասնել լիարժեք համաձայնության, չեն մերժել ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, շարունակում է գերատեսչությունը։

«Փաստերը պերճախոս են՝ բաց են թողնվել խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով։

Համեմատեք համանախագահների առաջարկները ներկայիս իրավիճակի հետ և եզրահանգումներ արեք»,- հորդորել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտապես հարգանքով է վերաբերվել այլ երկրների հանրային կարծիքներին, եթե անգամ դրանք չի կիսել։ Դա կրկնակի ճիշտ է, երբ խոսք է գնում մեր դաշնակիցների ու բարեկամների մասին, որոնց թվում է Հայաստանը։

Մեծ ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում նման անհեթեթ «մտքերը» Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» վերաբերյալ, այլև, ըստ էության, համամիտ են նման անհիմն դատողությունների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Վերջում Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը մատնանշում է իր միջնորդությամբ կնքված՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի հայտարարությունները, որոնք «խոսում են իրենց փոխարեն»։

Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ Ռուսաստանը մեծապես հետաքրքրված է օգնելու հայերին ու ադրբեջանցիներին թերթել հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստել խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում։

Մեկնաբանել