Արտագաղթն ու Nat Geo Wild-ը

Իմ հեռուստացույցը որսում է հայկական ինը հեռուստաալիք։ Իսկ ես սովորաբար նայում եմ Nat Geo Wild հեռուստաընկերության հաղորդումները։ Դրանցից մեկը պատմում էր աֆրիկյան արգելոցների վայրի բնության առանձնահատկությունների մասին, ասենք՝ ութ ամիս ձգվող չորային եղանակներն ինչպես են ստիպում խոտակեր խոշոր մանր սմբակավոր կենդանիներին տեղափոխվել առավել խոնավ տարածքներ, որոնցից յուրաքանչյուրում նրանց դարանակալում են գիշատիչները։ Խոտակերների մի մասը սատկում է քոչի ճանապարհին՝ այդպես էլ չհասնելով երանելի ջրային գոտիներ։ Սրանց հաշիվները հընթացս մաքրում են անգղերը։ Մյուս մասին գիշատիչները՝ առյուծները, բորենիները, շնագայլերը և կոկորդիլոսները, որսում են ճանապարհին։ Փաստն այն է, որ խոտակեր սմբակավորները տեղից տեղ են գնում ոչ գիշատիչներից հեռու մնալու համար։ Գիշատիչները սովորաբար չեն քոչում, նրանք դարանակալում են և սպասում որսին, որն իր ոտքով է գալիս գիշատչի «դուռը»։

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը գիտի արտագաղթի չորս պատճառ (ըստ «168 ժամ» թերթին տված հարցազրույցի)։ Այդ պատճառներից ոչ մեկն ինքը չէ։ Պատճառներից ոչ մեկը տնտեսական անհավասար մրցակցությունը, միջին դասի բացակայությունը կամ կոռուպցիայի «թոթոլ» չափերը չեն։ Գագիկ Եգանյանը երևի Nat Geo Wild չի նայում, այլապես կսովորեր արտագաղթի համար գտնել առավել համապատասխան բառեր։ Այսինքն, ոչ թե երևույթները ցույց կտար, այլ կոնկրետ գործող անձանց, որոնց պատճառով արտագաղթում են։ Կարող եք ասել, որ պետական պաշտոնյա է և չի կարող խոսել անուններով։ Ես կհակադարձեմ՝ թող լռի այնքան, մինչև կարողանա անկեղծ լինել։ Եգանյանը խոսում է այնպես, ասես օրինաչափ են այդ չորս պատճառները՝ աշխատանք չկա, բավարար վարձատրություն չկա, մասնագիտությամբ համապատասխան աշխատանք չեն գտնում կամ էլ գործարարությամբ զբաղվողների համար դժվարություններ կան։ Գագիկ Եգանյանը ժամանակին մանկատան մի նախկին սանից տարածք է «գողացել», այսինքն, հասել է նրան, որ մանկատների շրջանավարտների սոցիալական ինտեգրման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության գրասենյակն իրենով է արել։ Եթե չեմ սխալվում՝ տարածքը ձևակերպել է իր վարորդի անունով։ Հետևաբար՝ Գագիկ Եգանյանը դրսևորել է գիշատչի հակումներ։ Հետևաբար, նա արտագաղթի պատճառներին նայել է գիշատչի աչքերով։

Նա ասում է՝ կա կայունության, ապագայի հանդեպ վստահության պակաս։ Որտե՞ղ կա այդ պակասը, ովքե՞ր են այդ պակասի թիկունքում։ Մարդը պաշտոնի բերումով անկեղծ չէ։ Ահա թե ինչու ճիշտ կլինի, որ նա խոսի գիշատչի մենթալիտետով։ Թող փորձի: Եվ կտեսնի, որ նույնիսկ եթե ստում է, այնուամենայնիվ, համոզիչ է հնչում։ Թող ասի, որ երկիրը պատրաստ չէ կերակրել իր քաղաքացիներին, թող ասի, որ ճիշտ են անում, որ արտագաղթում են։ Նրա շեֆն ասեց, չէ՞, «բա մնան, որ հեղափոխություն անե՞ն»։ Նրա շեֆը հավաստեց իր գիշատիչ լինելը։ Ամրագրեց Հայաստանի Հանրապետություն տարածքի իրական նշանակությունը՝ այն Nat Geo Wild դիտարկման օբյեկտ է։ Թող անկեղծորեն ասի, որ կա միայն մեկ պատճառ՝ օրենքի գերակայության հանդեպ տոտալ արհամարհանքը։ Այլապես չորս պատճառ չէ, 444 պատճառ կարելի է թվարկել։

Իսկ իրական պատճառները, եթե օրենքի գերակայության հանդեպ արհամարհանքը խուրդենք, հետևյալներն են՝ մարդիկ արտագաղթում են, որովհետև կյանքի իրավունքը բոլորինը չէ; որ Գագիկ Եգանյանի երեխաներն ու թոռները Տիգրան կամ Սերժ Սարգսյանի երեխաներից և թոռներից վատը չեն; որ երբ իշխանությունը ձևավորվում է ընտրություններով, բայց ոչ ընտրվելով, ամեն ինչ կարող է պատահել։ Թե չէ, ասել, որ Անգլիայից էլ են արտագաղթում, պետք է մանրամասն ասել, որ արտագաղթողները բնավ նույն պատճառները չունեն։ Գերմանիայից բժիշկները տեղափոխվում են Շվեյացարիա բարձր վարձատրության պատճառով, բայց Շվեյացարիայից էլ Գերմանիա են տեղափոխվում ուսուցիչ կամ արհեստավոր աշխատելու համար։ Նրանցից ոչ մեկը դուռը չի շրխկացնում իր ետևից, բոլորը առաջարկի և պահանջարկի ակտիվ գիտակցությամբ են երկրներ փոխում: Ընդ որում, շատ չեն հեռանում իրենց երկրից, և նրանց տեղափոխություններն էլ երկրի համար պատմություն չեն դառնում։ Եվ, ի վերջո, նրանք չեն կորցնում երկրի հետ իրենց ներդաշնակությունը՝ այդպես էլ թույլ չտալով, որ այն դառնա արգելոց գիշատիչների և խոտակերների համար։

Մեկնաբանել