Ինչ է հայտնի կորոնավիրուսի նոր տեսակի՝ Օմիկրոնի մասին

Հովհաննես Նազարեթյան

Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի նոր՝ B.1.1.529 տեսակը (շտամը) անվանեց Օմիկրոն և այն հռչակեց վիրուսի «անհանգստացնող տեսակ»։

Հայտարարվեց, որ այն հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոյեմբերի 24-ին, սակայն հետագայում պարզվեց, որ Նիդեռլանդներում այդ շտամը առկա է եղել ավելի վաղ՝ նոյեմբերի 19-23-ին։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք Նիդեռլանդներում այդ շտամով վարակված անձինք այն բերել են Հարավային Աֆրիկայից, թե ոչ։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀԿ-ի տվյալներով՝ շտամը առկա էր 23 երկրում, իսկ երկու օր անց՝ արդեն շուրջ 35 երկրում։ Դեկտեմբերի 2-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում նոր շտամով վարակվածներ դեռ չկան։

Ներկայում գիտնականները փորձում են պարզել այս շտամի ծագումը, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ հասկանալ, օրինակ, դրա տարածման դյուրինությունը և արագությունը։ Այս պահին երեք հիմնական վարկած կա, որոնք դեռ որևէ կերպ հիմնավորված չեն։

Քանի որ Օմիկրոնը համեմատաբար նոր է հայտնաբերվել, այս շտամի շուրջ կան մի շարք հարցականներ։ Օրինակ՝ դեռ անհայտ է, թե գոյություն ունեցող պատվաստանյութերը որքանով են արդյունավետ այս շտամի դեմ։ Աշխարհում ամենատարածված պատվաստանյութերը՝ Pfizer, Moderna և AstraZeneca, գործում են մարդկանց օրգանիզմում կորոնավիրուսի սպայք սպիտակուցի (պրոտեինի) ճանաչման և դրա դեմ հակամարմիններ ուղղելու միջոցով, և եթե այս շտամը փոխել է սպայք սպիտակուցը այն աստիճան, որ առկա պատվաստանյութերը այն չեն ճանաչում, ապա դրանք կարող են պակաս արդյունավետ լինել։ Այս ամենը հասկանալու համար դեռ պետք է գիտական ուսումնասիրություններ կատարել։

Հարավաֆրիկյան Հանրապետությունյից և Իսրայելից բժիշկներ հայտարարել են, որ Օմիկրոնով վարակված անձինք հիվանդությունն ավելի թեթև են տանում, քան դելտայով վարակվածները, բայց այս եզրակացությունը հիմնված է սահմանափակ դեպքերի քննության վրա, և դեռ վաղ է նման պնդում անելու համար։

Գիտական ուսումնասիրությունները շաբաթներ հետո հասանելի կդառնան։ Դրանք որոշ հստակություն կմտցնեն շտամի տարածման, պատվաստանյութերի արդյունավետության և դրա ուժգնության և մահացության մասին։ Այս պահին որևէ հիմնավորում չկա, որ այն դելտա շտամից ավելի վտանգավոր կամ մահացու է։

Այս մասին նաև օրերս ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարեց Մոդեռնա ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը։ «Մենք հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչ չափով են պատվաստանյութերը պաշտպանում այս տեսակից», –ասաց Աֆեյանը՝ հավելելով, որ ամենավատ սցենարում կարիք կլինի Օմիկրոն տեսակին հակազդող նոր պատվաստանյութ ստեղծել։ Աֆեյանը, սակայն, նաև նշեց, որ այս պահին չկան բավարար տվյալներ՝ հասկանալու, թե ինչքանով են առկա պատվաստանյութերը արդյունավետ։

Ըստ բրիտանացի հեղինակավոր համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնի՝ Օմիկրոնի վտանգի մասին տվյալներ կլինեն դեկտեմբերի վերջին միայն, իսկ նախնական տվյալներ արդեն հասանելի կարող են դառնալ մեկ շաբաթից։

Այսպիսով, այս պահի դրությամբ Օմիկրոն շտամի վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանների ուղղությամբ գիտնականներն աշխատում են։

Մեկնաբանել