Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։ Այս մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ կենտրոնը հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ․ «Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով»,- տեղեկացնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։