Թող ասեն օրը՝ երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ ժամանակ խնդիր չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Թող մեզ ասեն օրը՝ երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ ժամանակ ոչ մի խնդիր չի լինի։ Կարծում եմ՝ և Հայաստանի ղեկավարությունը, և հասարակությունը, և Հայաստանի բնակչությունը պետք է հասկանան դա։ Մենք հասանք, հասնում ենք և կհասնենք մեր ուզածին։ Լավ կլիներ, որ այդ հարցը կարգավորվեր կառուցողական բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ամբողջ աշխարհին ցույց տվեց մեր ժողովրդի կամքը, ուժը և միասնականությունը»,- դեկտեմբերի 6-ին Քոնաղքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Ադրբեջանի նախագահը, փոխանցում է ԱՊԱ-ն։

Ալիևը նշել է նաև, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «բավական ազդեցիկ շրջանակներ» փորձել են կանգնեցնել Ադրբեջանին, սակայն դա նրանց չի հաջողվել․ «Եվ Հայաստանը տեսավ, և ամբողջ աշխարհը տեսավ, ոչ ոք չկարողացավ մեզ պահել։ Պատերազմի ժամանակ կային այնպիսիք, որոնք ուզում էին մեզ պահել, բավական ազդեցիկ շրջանակներ կային, բայց մեզ չկարողացան կանգնեցնել։ Ես ասել եմ, թող մեզ ասեն այն օրը, թե երբ կլքեն մեր հողերը, և մենք պատրաստ ենք կանգ առնել նույն պահին։ Այսօր ես նույնն եմ ասում։ Թող մեզ ասեն այն օրը՝ երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Մեկնաբանել