Հիմարության դեմ պայքարել՝ ազատ, պատասխանատու և քննադատաբար մտածող մարդկանց աճեցնելով

Լուսանկարում՝ Սոկրատեսը

Հայտնի է, որ Սոկրատեսը չէր սիրում ժողովրդավարությունը։ Նրա հիմնական նկատառումն այն էր, որ պետությունը պետք է կառավարեն արժանիները, և որ ժողովուրդը իր ընտրությունը կատարելիս միշտ ենթարկվելու է գայթակղության ընտրել ցանկալին, այլ ոչ թե անհրաժեշտը։ Սոկրատեսը դրա համար ուներ օրինակներ, և նրա վերջին օրինակը եղել է հենց ինքը։ Սոկրատեսը դատապարտվել է մահվան Աթենքի ժողովրդի քվեարկության միջոցով՝ ձայների չնչին տարբերությամբ և ճանաչվել մեղավոր երիտասարդներին այլասերելու համար։

Մի քանի դար անց մեկ այլ երկրում, որը բացարձակ ժողովրդավարական չէր, ժողովրդի ձայների հիման վրա մահվան է դատապարտվել Հիսուս Քրիստոսը։

Արդյոք ճի՞շտ էր Սոկրատեսը։ Արդյոք ժողովրդավարությունը ինքնին խնդի՞ր է։ Եթե ոչ, ապա ո՞րն է խնդիրը, և ի՞նչ կապ ունի այս ամենը կրթության հետ։

Գանք 20–րդ դարի 30-ական թվականների Գերմանիա։ Այստեղ հաստատվել է ֆաշիստական պետություն, և սահմանափակվել է այլախոհությունը։ Դրա դեմ պայքարում է համախոհների մի խումբ, որի անդամ է լյութերական հովիվ Դիտրիխ Բոնհոֆերը։ Ռեժիմը նրան ձերբակալել է 1943 թվականին Հիտլերի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով, ինչի արդյունքում նա հայտնվել է բանտում, իսկ հետո՝ համակենտրոնացման ճամբարում։ Բոնհոֆերին դատապարտել են մահվան և կախաղան հանել 1945 թվականի ապրիլի 9-ին՝ պատերազմի ավարտից կարճ ժամանակ առաջ։

Բանտից նա մտերիմ ընկերների հետ վարել է նամակագրություն, որը հրատարակվել է 1950 թվականին և հետմահու դարձրել նրան աշխարհահռչակ։ Ընթերցենք դրանից մի փոքր հատված, որը վերաբերում է մեր հարցադրմանը՝ որոշ կրճատումներով։

«Նամակներ և հոդվածներ բանտից», Դիտրիխ Բոնհոֆեր

Հիմարության մասին

Հիմարությունը բարու համար ավելի վտանգավոր թշնամի է, քան չարիքը: Չարիքի դեմ կարելի է բողոքել, ծայրահեղ դեպքում այն կարելի է կանխել ուժով:

Հիմարության դեմ մենք անպաշտպան ենք․ ո՛չ բողոքով, ո՛չ ուժով չես կարող դուրս գալ դրա դեմ, փաստարկներն անզոր են։ Փաստերին, որոնք հակասում են սեփական դատողություններին, պարզապես չեն հավատում․ նման դեպքերում հիմարը պարզապես վերածվում է քննադատի, իսկ եթե փաստերն անհերքելի են, դրանք պարզապես մերժվում են որպես ոչինչ չնշանակող պատահականություն:

Ընդ որում հիմարը, ի տարբերություն սրիկայի, միանգամայն ինքնագոհ է. իրականում նա հեշտությամբ կարող է վտանգավոր դառնալ, քանի որ նրան ագրեսիվ դարձնելու համար շատ բան պետք չէ։ Ուստի հիմարի հետ պետք է ավելի զգույշ վարվել, քան սրիկայի հետ. մենք այլևս երբեք չպիտի փորձենք խելքով համոզել հիմարին, քանի որ դա և՛ անօգուտ է, և՛ վտանգավոր:

Որպեսզի մենք պատշաճ կերպով վարվենք հիմարության հետ, պետք է փորձենք հասկանալ դրա էությունը: Ամեն դեպքում հաստատ է, որ դա ավելի շուտ մարդկային արատ է, ոչ թե մտավոր։ Կան մարդիկ, ովքեր մտավոր ճկուն են, բայց՝ հիմար, և մարդիկ, ում մտքի ընթացքը դանդաղ է, բայց նրանք շատ հեռու են հիմար լինելուց։

Այսպիսով, մենք գալիս ենք այն մտքին, որ հիմարությունը, ամենայն հավանականությամբ, ոչ թե բնածին արատ է, այլ ձեռք է բերվում որոշակի հանգամանքներում։ Ապա մենք նկատում ենք, որ այս արատը ավելի քիչ տարածված է ոչ շփվող և միայնակ մարդկանց մոտ, քան անհատների կամ խմբերի մոտ, որոնք հակված կամ պարտադրված են լինել մարդամոտ:

Այսպիսով, թվում է, որ հիմարությունը ավելի շուտ սոցիոլոգիական, քան հոգեբանական խնդիր է, և որ այն մարդկանց վրա պատմական հանգամանքների ներգործության մարդկային արձագանք է, արտաքին գործոնների հոգեբանական հետևանք: Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ ուժի ցանկացած բռնի դրսևորում՝ լինի քաղաքական, թե կրոնական, մարդկանց մեծ մասում հիմարության պոռթկում է առաջացնում. իսկապես, սա իրականում կարծես թե հոգեբանական և սոցիոլոգիական օրենք է։ Ոմանց իշխանության համար անհրաժեշտ է մյուսների հիմարությունը:

Այն փաստը, որ հիմարը հաճախ համառ է, չպետք է մոլորեցնի մեզ և ստիպի մտածել, որ նա անկախ է։ Նրա հետ խոսելով՝ զգում ես, որ գործ ունես ոչ թե հենց այդ մարդու հետ, այլ կարգախոսների և կոչերի հետ, որոնք համակել են նրան։ Նա կախարդված է, կուրացած։ Դառնալով կամազուրկ գործիք՝ հիմարը ունակ է ցանկացած չարիքի, և միևնույն ժամանակ նա չի կարող տեսնել, որ չար է։ Սրա հետ մետկեղ միանգամայն պարզ է նաև, որ հիմարությունը կարելի է հաղթահարել ոչ թե խրատներով, այլ ազատագրությամբ։

Հիմարության մասին այս մտքերում որոշակի մխիթարություն կա․ դրանք թույլ չեն տալիս մարդկանց մեծամասնությանը համարել հիմար ցանկացած հանգամանքներում։ Իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ակնկալիքներ ունեն իշխանավորները՝ մարդկային հիմարությա՞ն, թե՞ մարդկանց ներքին ինքնուրույնության ու ողջամտության։

[…]

Այստեղից մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է արիստոտելյան-թոմիստական էթիկան իմաստությունը դասում առանցքային առաքինությունների շարքին։

Բոնհոֆերի հիմնական դրույթները՝ ամփոփ

1. Սոկրատեսը սխալվում էր։ Մեղավորը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ մարդկային հիմարությունը, որը ավելի է դրսևորվում, երբ իշխանությունը ճնշում է մարդկանց և սահմանափակում նրանց ազատությունը։

2. Հիմարությունը սոցիալական երևույթ է, ցանկացած մարդ ենթակա է այդ արատին, եթե սեփական կամքով հրաժարվում է ինքնուրույն մտածել, հրաժարվում է ներքին ազատությունից։

3. Հիմարության դեմ պայքարի հիմնական միջոցը ազատ, պատասխանատու և ինքնուրույն մտածող մարդկանց աճեցնելն է, քննադատական մտածողություն ձևավորելը։ Բոնհոֆերը նաև ընդգծում է, որ հիմարությունը կապ չունի գիտելիքի ծավալի կամ ուղեղի զարգացվածության հետ, այն կապ ունի իմաստության հետ, քանի որ հենց իմաստությունն է հիմարության հակապատկերը։

Ի՞նչ է այս ամենը նշանակում կրթության համար։ Այն, որ տարիներով՝ դեռ խորհրդային ժամանակներից, մեր հասարակությունը երեխաների մեջ սերմանել է դեպի հիմարություն տանող հատկանիշներ՝ ենթարկելով նրանց միտքը որոշակի պատկերացումների, թույլ չտալով ինքնուրույն մտածել, գերադասելով գիտելիքը մարդկային հատկանիշներին։ Մենք կառուցել ենք դպրոցներ, որոնք ավելի շատ բանտ են հիշեցրել, քան ազատության տաճար։ Մենք արգելել ենք երեխաներին քննադատաբար մտածել։ Մենք հիմա ճաշակում ենք այդ ամենի դառը հետևանքները։