«Քաղաքացիական պայմանագիրը» կբողոքարկի Աբովյանի ընտրությունների արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կբողոքարկի Աբովյան քաղաքում կայացած ընտրությունների արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի։

«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում մեկ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով նաև տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ընտրատեղամասերում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Հայաստանի 36 համայնքներում։ Աբովյան քաղաքում ամենից շատ ձայներ հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 10 403 ձայն կամ քվեների 46,1 տոկոսը։ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել էր ընտրողների 36,6 տոկոսը։ «Հայ յեղափոխական դաշնակցությանը» ձայն էր տվել ընտրողների 5,1 տոկոսը, Հանրապետություն կուսակցությանը՝ 11,9 տոկոսը։

Մեկնաբանել