«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին։ Խմբակցության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

«Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել: Պատճառը մեր գործընկեր պատգամավորների ակնհայտ ապօրինի կալանավորումն է և այլ պատգամավորների, այդ թվում պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումն է:

Փաստացի խոչընդոտված է պատգամավորների սահմանադրական գործունեությունը: Նշված դատավարական գործողություններից յուրաքանչյուրն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ, զուրկ է իրավական որևէ հիմքից և պահպանվում է մինչ օրս: Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում, և վկայում է, որ Հայաստանն այլևս ժողովրդավարական-իրավական պետություն չէ:

Նման պայմաններում «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ և կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն: Նշված որոշման մասին կիրազեկվեն նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել