Կբարելավվի ընտանեկան բժշկության համակարգի արդյունավետությունը

ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում որոշել է հավանություն տալ քաղաքային պոլիկլինիկական ոլորտի զարգացման հայեցակարգին և նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցին։ Առողջության առաջնային պահպանման ոլորտի բարեփոխումների մեկնարկից 10 տարի անց արձանագրվել է, որ ընտանեկան բժշկությունը՝ ի տարբերություն գյուղական վայրերի, որտեղ նկատելի առաջընթաց կա, մեծ քաղաքներում դեռևս չի կայացել։ Ընդունվող որոշման նպատակն է խթանել ընտանեկան բժշկության ներդրումը քաղաքային պոլիկլինիկաներում, բարելավել ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության որակն ու բարձրացնել արդյունավետությունը, մշակել պոլիկլինիկական ծառայությունների կառուցվածքի առավել արդյունավետ մոդելներ և ընտանեկան բժշկության ներդրման մեխանիզմներ։

Երկու այլ որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի հզորացում» և «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012թ. նախահաշիվները։

Լրացումներ և փոփոխություն կատարելով 2007թ. ապրիլի 12-ի` պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման և օգտագործման ժամկետները կանոնակարգող որոշման մեջ` գործադիրը պետական հավաստագրի տրամադրման միջոցով լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավորություն է ստեղծում ընտրելու և ձեռք բերելու իրենց լսողությանը համապատասխան եվրոպական արտադրության լսողական սարքեր։ Արդյունքում խոր ծանր լսողություն ունեցող անձինք, ովքեր կարիք ունեն գերհզոր և թանկարժեք սարքերի, դրանց ձեռքբերման համար կստանան պետական աջակցություն հավաստագրի արժեքի չափով։

Մեկնաբանել