ՄԱԿ-ի բարձր դատարանը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել հայ գերիների անվտանգությունը

Հաագայի դատարան

ՄԱԿ-ի բարձր դատարանը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել հայ գերիների անվտանգությունը: Դատարանը Բաքվին չի պարտավորեցնում վերադարձնել գերիներին։

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը այսօր վճիռ է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի իրար դեմ ներկայացրած երկու գործերով։ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է կանխել հայերի նկատմամբ խտրականությունը իր տարածքում, իսկ Հայաստանի իշխանություններին՝ խտրականությունը ադրբեջանցիների նկատմամբ։

Գլխավոր դատավոր Ջոան Դոնահյուի վճիռը հեռարձակվում էր ՄԱԿ-ի կայքում։

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն՝ մինչև գործի էության վերաբերյալ որոշում կայացնելը, Հայաստանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր տարածքում կանխելու ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրումը և խրախուսումը, այդ թվում՝ կազմակերպությունների և անհատների կողմից»,- ասել է դատավորը։

Ռասայական խտրականության մեղադրանքով Ադրբեջանի վերաբերյալ որոշումը գրեթե նույնն է։ Ադրբեջանի իշխանությունները պետք է «ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումն ուղղված հայազգի մարդկանց, այդ թվում՝ պաշտոնյաների և պետական ​​հաստատությունների կողմից»:

«Երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության սրման կամ երկարացման»,- ասել է դատավորը։

Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում սրացումների ժամանակ գերի ընկած հայ գերիների անվտանգությունը։ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է միջոցներ ձեռնարկել իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պղծման դեմ։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումները իրավաբանորեն պարտադիր են, սակայն դատարանը գործնականում չունի դրանք հարկադրելու լծակներ:

Ադրբեջանի դեմ հայց առաջինը ներկայացրել էր Հայաստանը սեպտեմբերին։ Երևանը մեղադրում է Ադրբեջանի իշխանություններին 2020-ի աշնանը Ղարաբաղում մարտերի ընթացքում և ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ միջազգային կոնվենցիան խախտելու մեջ։

Մի քանի օր անց Հայաստանի դեմ նմանատիպ հայց ներկայացրեց նաև Ադրբեջանը։

Իրավաբան Տարոն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել․

  • ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը,
  • կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
  • կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,
  • ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝

  • կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
  • ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է։

Ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։

Դե ինչ։ Համարենք սա մեր պրոֆեսիոնալ թիմի հաջողությունը և նորից լծվենք կազմակերպված ու թիրախային աշխատանքին։

Հ․Գ․ Առաջնային է դառնում նույն Դատարանում Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակներում միջազգային իրավական գործընթաց սկսելը։

Մեկնաբանել