ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել։
Հայտարարության տեքստը․
Վաշինգտոն / Մոսկվա / Փարիզ․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը: Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը նպաստելու համար:
Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջ ծավալով կատարել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են 2020-ի նոյեմբերի 9-ին և հաստատել 2021-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի, ինչպես նաև հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածություններով: Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ մարդասիրական հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու համար, ներառյալ, ի շարս այլ հարցերի, ձերբակալվածների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանության հարցերում, և կառուցողական աշխատել այլ չլուծված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանազատումն ու սահմանագծումը և տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը: Համանախագահող երկրները նաև մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատում, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անընդունելի է: Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու նրանց պարտավորության մասին և կողմերին կոչ անում անհապաղ վերացնել հակամարտության հետևանքով տուժած շրջաններին և բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները:
Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ ողջունել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան տեղում առաջին ձեռքից գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ: Նրանք կրկին հայտարարում են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին և կողմերին կոչ են անում լիարժեք համագործակցել նրա հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը՝ իրենց մանդատին համապատասխան՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարգավաճ ու խաղաղ ապագային աջակցելու նպատակով:
․․․