Բրիտանական Հանրային և առևտրային ծառայությունների արհմիությունը, որի կազմում ի թիվս այլոց՝ սահմանային վերահսկման աշխատակիցներն են, կողմ է քվեարկել գործադուլ հայտարարելուն, հաղորդում է BBC-ն։
Գործադուլի հայտարարման օգտին քվեարկել է արհմիության անդամների 57,2%-ը 20% մասնակցության դեպքում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, արհմիության ղեկավարությունը ծրագրում է գործադուլ հայտարարել Օլիմպիադայի այն օրերին, երբ արհմիության աշխատակիցների աշխատանքը հատկապես անհրաժեշտ է լինելու։ Այն, թե երբ և կոնկրետ ինչ գործողություններ է մտադիր ձեռնարկել արհմիությունը, հայտարարվելու է այսօր՝ ավելի ուշ։
Reuters-ը նշում է, որ սահմանային ծառայության աշխատակիցների գործադուլը կարող է Օլիմպիադայի ժամանակ հանգեցնել քաոսի բրիտանական օդանավակայաններում, քանի որ դժվարություններ կառաջանան փաստաթղթերի ստուգման հարցում։ «Հիթրոու» օդանավակայանում արդեն իսկ առաջացել են երկար հերթեր։ Արհմիությունում վստահեցնում են, որ դա տեղի է ունեցել անձնակազմի կրճատման պատճառով, որն իրականացնում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը։ Հենց այդ կրճատումների դեմ էլ մտադիր են բողոքել արհիմության անդամները։ Նրանք նաև աշխատավարձի բարձրացում կպահանջեն։
Գործադուլ կազմակերպելու ծրագրերը, ինչպես գրում է Guardian-ը, քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։ Ներգաղթի նախարար Դեմիան Գրինը գործադուլն անվանել է «միանգամայն անընդունելի»։ Նրա խոսքով՝ հասարակայնությունը չի պաշտպանի արհմիության գործողությունները։ Ընդ որում՝ Գրինը հատուկ ուշադրություն է հրավիրել ցածր մասնակցությանը, որի դեպքում ընդունվել է գործադուլի մասին որոշումը։ Նրա խոսքով՝ այդպիսի թույլ աջակցության պայմաններում արհմիության ղեկավարությունը լիազորություններ չունի սկսելու գործողություններ, որոնք կարող են ծանր հետևանքներ ունենալ։
Գործադուլներ, այդ թվում՝ Օլիմպիադայի բացման օրը, մտադիր են իրականացնել նաև Լոնդոնի տաքսու վարորդները։ Հուլիսի 17-ին նրանք բողոքի ակցիա են իրականացրել Վեստմինստերում։ Տաքսու վարորդները դժգոհություն են հայտնում այն կապակցությամբ, որ իրենց կարգելեն երթևեկել այն երթուղիներով, որոնք հատուկ կառանձնացվեն Օլիմպիադան սպասարկող տրանսպորտի համար։
Օլիմպիդայի ժամանակ գործադուլ իրականացնել մտադիր էին նաև լոնդոնյան ավտոբուսների՝ Unite արհմիության անդամ վարորդները։ Սակայն ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, նրանք ստացել են հավելավճարներ և հրաժարվել իրենց մտադրություններից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օլիմպիադայի կազմակերպիչներն առերեսվել են թիկնապահների պակասի, որոնք պետք է ապահովեն մարզիկների անվտանգությունը։
Օլիմպիադան Լոնդոնում տեղի է ունենալու հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը։