Գերիներին վերադարձնելու աշխատանք արվում է, նրանց վերադարձի դեպքում հետաքննություն ևս արվելու է, պնդում է վարչապետը

Նիկոլ Փաշինյան

«Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիներին վերադարձնելու դիմաց»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև ասում է․ «Մենք հայտարարում ենք, որ ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան, հետաքննությունն չի արվելու»։

«Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիներին վերադարձնելու դիմաց»․ դեկտեմբերի 8-ին կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի վարչապետը գերիների վերաբերյալ այն բանից հետո, երբ քարոզարշավի ժամանակ նշում էր, թե պատրաստ է իր որդուն հանձնել Ադրբեջանին հայ գերիների դիմաց։

Էլինար Վարդանյանը Փաշինյանին հիշեցրեց նրա հայտարարությունները: «Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար». խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 16-ի սահմանային միջադեպից հետո, վարչապետը հայտարարել էր, որ պետք է քննել գերի ընկնելու դեպքերը, պարզել՝ հանցագործություն է, թե ոչ։

«Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերը այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, հիմա էլ եմ առաջարկում, որովհետև մենք այդ առաջարկը այն ժամանակ պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի ստացել։ Որ պահին արձագանք կգտնի դա ուժի մեջ գտնվող արձագանք է»,- ասաց վարչապետը՝ իր որդուն Ադրբեջանում պահվող գերիների հետ փոխանակելու հարցին ի պատասխան։

Նա շարունակեց, թե բազում անգամ վերահաստատել է, որ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի, ու կլինեն դգերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, ու հակառակը։

«Ձեզ այդ իրավիճակները այդպիսի տոնայնությամբ հետաքրիր ա նրա համար, որ այստեղ-այնտեղ ասեք՝ վերևից հրաման են տվել, որ հայրենիքը չպաշտպանեն, հրաման են տվել, որ չկրակեն, վերևից հրաման են տվել, որ գերի հանձնվեն, վերևից հրաման են տվել, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն»,- հայտարարեց վարչապետը՝ ավելացնելով, որ դա իրականության հետ կապ չունի։ «Եթե եղել են նման հրամաններ՝ նման հրաման տված մարդիկ կդատապարվեն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ զինվորականն ունի հստակ պարտականություններ և իրավունքներ․ «Զենքը տրվում է զինվորականին ի պատասխանատվություն, զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Իմ ասած ամեն ինչն ուժի մեջ է։ Մենք հայտարարում ենք, որ ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան, հետաքննությունն չի արվելու։ Իհարկե՝ արվելու է և արվել է»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել