«Դուք միջանցքի վերաբերյալ ձեր հարցով ներկայացնում եք Ադրբեջանը»․ Փաշինյանը՝ Ղազինյանին

The question and answer session between the members of the RA Government and RA National Assembly took place

Դեկտեմբերի 8-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը բարձրացրեց, այսպես կոչված, միջանցքի բացակայության հարցը։

Նա, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրեց չորս բաղադրիչներ, որոնց առկայությունը երաշխավորում է միջանցքի բացակայությունը։

«Սահմանին կանգնելու են ՀՀ սահմանապահներ, մաքսային վերահսկողություն իրականացնելու են ՀՀ մաքսային ծառայությունները, այդ ճանապարհին տեղի ունեցած միջադեպերը հետաքննելու են ՀՀ իրավապահ մարմինները, բոլոր տեսակի կոմունիկացիաները կառուցվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Այս բաղադրիչներն առկա՞ են լինելու բանակցվող և ստորագրվելիք միջազգային փաստաթղթում»,- հարցրեց Ղազինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ, պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և գործի ՀՀ օրենսդրությամբ։

«Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, Հայաստան-Իրան սահմանին կանգնած են ոչ ՀՀ սահմանապահները, հետևաբար, Իրանից Հայաստան եկող ճանապարհը միջա՞նցք է, թե՞ միջանցք չէ։ Ես չեմ կարծում, թե Իրանից Հայաստան մտնող ճանապարհը միջանցք է։ Մնացած կետերով համաձայն եմ»,- ասաց վարչապետը։

Արձագանքի ժամանակ Արթուր Ղազինյանը նշեց, որ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, և հնարավոր է «միջանցքի» վերաբերյալ ճնշումները հասնեն այն աստիճանի, որ արդեն պատերազմի սպառնալիք լինի․ «Դուք, գիտակցելով լրջությունը, պատրաստ կլինեք հրաժարվել ձեր պաշտոնից՝ հետաձգելու կամ թույլ չտալու պատերազմը»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ Ղազինյանը Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ադրբեջանական խոսույթ է տարածում։

«Դուք ո՞վ եք և ո՞ւմ եք ներկայացնում այս դահլիճում, երբ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ։ Դուք ձեր այս հարցի մեջ ներկայացնում եք Ադրբեջանը։ Ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ Հայաստանում կան ազդեցության ցանցեր, և մենք հենց հիմա տեսանք այդպիսի ցանցերից մեկի գործունեության արտահայտությունը։ Դուք Ազգային ժողովի դահլիճում ադրբեջանական խոսույթ տարածողն եք»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել