2016-ին Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները․ Փաշինյան

«2016-ին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատերազմը կանխելու ձևը մեկն էր՝ տարածքների վերադարձն առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման։ 2018-ին առկա բանակցային ժառանգությամբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ՝ նույնիսկ տեսական հնարավորություն չուներ։ Սա ձեր իշխանությունն է թողել։ Եթե սա դավաճանություն է, ուրեմն դավաճանների իշխանություն եք դուք»,- դիմելով ընդդիմադիր խմբակցություններին, ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ 2016-ի բանակցային գործընթացում տեղի է ունեցել «աղետ», որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները․ «Սա կապացուցեմ ցանկացած տեղում։ Ուզում եք դռնփակ նիստ արեք, բանակցային բովանդակությունը դնեմ սեղանին՝ բոլորիդ ներկայությամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել