Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի մասին Փաշինյանի հայտարարությունը կապ չունի իրականության հետ

արցախի քարտեզ

Անի Գրիգորյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե երբեք հստակ չի եղել՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն որ տարածքում է տեղի ունենալու։

«Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք։ Չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը ամիսներ առաջ՝ օգոստոսի 24-ին, ևս հանդես էր եկել նմանատիպ պնդմամբ՝ հայտարարելով, թե Ադրբեջանը բանակցային բովանդակության մեջ կարողացել է ներմուծել մի այնպիսի ձևակերպում, որը հնարավորություն կտար պնդելու, թե հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում։

Սակայն ի հակադրություն Փաշինյանի պնդման՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման փաստաթղթերում հանրաքվեի մասով հստակություն եղել է։

Այսպես, 2007 թ. նոյեմբերին կողմերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետով սահմանվում էր, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: «Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»,- նշվում էր փաստաթղթում։

Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք։ Չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն. Փաշինյան

Պատճառներից մեկը, որ Ադրբեջանը ընդդիմանում էր հանրաքվեին, այն էր, որ այն անխուսափելիորեն հանգեցնելու էր Լեռնային Ղարաբաղի անջատմանը, քանի որ 1988-ի համամասնությամբ հայերը Լեռնային Ղարաբաղում եղել են 70 տոկոսից ավելի:

Ինչ վերաբերում է 2011 թ. հունիսին ներկայացված Կազանյան փաստաթղթի, ապա դրանում նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում։

«Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»,- նշվում էր փաստաթղթում։

Փաստացի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ փաստաթղթում հստակ նշվում է, որ խոսքը ԼՂ բնակչության մասին է, և ԼՂ բնակչություն ասելով նկատի է առնվում 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը։

Մեկնաբանել