Նիկոլ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է ղարաբաղյան բանակցությունների մանրամասներին

Nikol Pashinyan

Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության վերջերս տարածած հայտարարության մասին, որտեղ նշվում էր, որ հայկական և ադրբեջանական կողմերին ներկայացված ռուսական առաջարկի [Լավրովի պլան] իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղին հարակից վերջին երկու շրջանների [Քելբաջարի և Լաչինի] հանձնումը Ադրբեջանին պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցի հետ։ Այդ առաջարկը հայկական կողմը մերժել է 2020-ի ապրիլին։

Տե՛ս՝ Համեմատե՛ք համանախագահների՝ կարգավորման առաջարկները իրականության հետ և եզրահանգումնե՛ր արեք․ ՌԴ ԱԳՆ

«Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք՝ չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ окончательный статус Нагорного Карабаха [Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ]։ Բայց ի՞նչ ա լինելու էդ կարգավիճակը, ո՞նց ա որոշվելու։ Ի՞նչ ա լինելու վերջում։ Որևէ մեկը էս հարցի պատասխանները գտե՞լ ա»,- հարցադրում արեց Փաշինյանը։

Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի

2007-ին հակամարտության կողմերին Մադրիդում ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում ամրագրվում է․

«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։

Տե՛ս՝ Մադրիդյան սկզբունքներ – ամբողջական տեքստ

Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի մասին դրույթը կա նաև կողմերին 2011-ին ներկայացված Կազանի փաստաթղթում։

Տե՛ս՝ Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի արձագանքելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։

Թերևս կարիք չկա բացատրելու, թե Հայաստանի ղեկավարի մակարդակով այսպիսի հայտարարությունները կործանարար ինչ ազդեցություն կարող են ունենալ ընդհանրապես բանակցային գործընթացի ու հայկական դիրքորոշումների վրա (եթե, իհարկե, հայկական կողմն ընդհանրապես ունի որևէ ձևակերպված դիրքորոշում)։

Ես չեմ խոսում Ազգային ժողովի նախագահի կողմից Ադրբեջանում գերեվարված անձանց վերաբերյալ հայտարարությունների մասին․ մի դեպքում նրանք չկան, մեկ այլ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում գերիների խոշտանգումների մասին պնդումները հնարած են։

Հայաստանի ղեկավարությունը լրջանալու կարիք ունի։ Չի կարելի ազգային այսքան կարևոր հարցերը ստորադասել քաղաքական հակառակորդներին տվյալ պահին հակադարձելու և «պորտը տեղը» դնելու փափագին։

Մեկնաբանել