Բանավոր պայմանավորվածություններ եղել են. Փաշինյանը հակասում է ինքն իրեն

թարս նիկոլ փաշինյան

Հովհաննես Նազարեթյան

Ազգային ժողովում դեկտեմբերի 8-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ղարաբաղյան բանակցային գործընթացում բանավոր պայմանավորվածությունների մասին։

«Խոսքը բնավ բանակցային գործընթացի գաղտնիության մասին չէ։ Այլ ամենաբարձր մակարդակով քննարկումների արդյունքում ձեռք բերված թեկուզ և բանավոր պայմանավորությունների մասին է։ Նամանավանդ, որ դրանք հիմնականում, ինչպես պարզվում է արդեն դրանից հետո, կորստաբեր նշանակություն են ունենում մեր երկրի համար»,- հայտարարեց Ռուստամյանը։

Փաշինյանն ի պատասխան նշեց. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել։ Եվ իմիջիայլոց ասեմ, որ էդ նարատիվը, որ կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, ինչ-որ գաղտնի․․․ ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ Փաշինյանը մանիպուլացնում է և դեռ անցած տարվա վերջին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդունել է, որ Կովսականից [Զանգելան] և Սանասարից [Կուբաթլու] հետքաշումը եղել է բանավոր փոխըմբռնման հիման վրա։ Փաշինյանը սրան չանդրադարձավ և փոխարենը պատասխանեց Աննա Գրիգորյանի Գորիս-Կապան ճանապարհի մասին հարցին։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ հայկական կողմը Ադրբեջանին պետք է վերադարձնի Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, և խոսք չկար Կուբաթլուի և Զանգելանի շրջանների մասին։ Ավելին՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ էին առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

Ռազմական իրադրությունը Արցախում նոյեմբերի 11-ի դրությամբ՝ ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության։ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների մի մասը դեռ հայկական վերահսկողության տակ է։

Դեռ Փաշինյանը 2020 թ. դեկտեմբերի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու հայկական զորքերը ետ քաշվեցին Կուբաթլուի և Զանգելանի շրջանից, հայտարարել էր. «Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք։
Դիտարկմանը, որ եռակողմ հայտարարության մեջ գրված էր, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է, Փաշինյանը կրկին նշել է. «Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, և ես ասել եմ նախկինում և խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Կուբաթլուի և Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք»։

Բացի այդ, հարցազրույցից առաջ՝ դեկտեմբերի 13-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Փաշինյանը, խոսելով Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում իրավիճակի մասին, ընդունել էր, որ այդ շրջանները նոյեմբերի 9-ի հայտարարությունում չեն հիշատակվում։ «Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»,- հավելել էր Փաշինյանը։

Այսինքն, Փաշինյանը ինքն է ընդունել, որ հայկական ուժերը Արցախի Քաշաթաղի շրջանից՝ նույն Խորհրդային Ադրբեջանի Կուբաթլուի և Զանգելանի շրջանների դեռ հայկական վերահսկողության տակ մնացած մասից հետ են քաշվել բանավոր պայմանավորվածությամբ։