Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են սահմանազատումը, ապաշրջափակումը և այլ հարցեր

lavrov and ararat mirzoyan

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ կայքը։

«ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են նաև «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նախարարները քննարկել են նաև սահմանազատման ու սահմանագծման հարցը։

«Ռուսական կողմից շեշտադրումն արվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ գործարկման անհրաժեշտության վրա՝ դրա հետագա սահմանագծման հետ կապված, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական հարթություն տեղափոխելու վրա»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել