Կառավարությունը մտադիր է այլևս թույլ չտալ ինքնակամ կառույցների օրինականացումը

Հայաստանի կառավարությունը մտադիր է այլևս թույլ չտալ ինքնակամ կառույցների օրինականացումը։ Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որը քննարկվելու է կառավարության դեկտեմբերի 9-ի նիստում։

Ըստ նախագծերի հիմնավորման՝ ինքնակամ կառույցները ենթակա են լինելու քանդման։ Նոր կարգավորումներով հողամասի սեփականատերը առանց դատարան դիմելու հնարավորություն կունենա ապամոնտաժել իր հողի վրա կառուցված ինքնակամ շինությունը, իսկ պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման որոշում կայացնելու է համայնքի ղեկավարը։

Օրենսդրական փաթեթով քաղաքաշինության ոլորտում վերահսկողական գործառույթներ է ունենալու համապատասխան տեսչական մարմինը, որն իրականացնելու է համայնքի ղեկավարի կողմից համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) որոշման կայացման և որոշման կատարման ապահովման նկատմամբ վերահսկողություն: Արդարադատության նախարարությունը առաջարկում է նաև լիազորել տեսչական մարմնին, որ ստուգման արդյունքների հիման վրա համայնքի ղեկավարի նկատմամբ կկարողանա վարչական վարույթ հարուցել ու պատասխանատվության ենթարկել։

Մեկնաբանել