Ժողովրդավարությունը որպես զենք

Արցախի նախագահի ընտրությունները կարևոր են ոչ միայն սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման տեսակետից, այլև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Կարևորը այն չէ, թե ով կընտրվի, կարևոր է, թե ինչպես կընտրվի: Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի կազմակերպումը և մրցակցային ընտրությունների ապահովումը կարևոր քայլ կլինի Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում:

2010-ից Freedom Housе միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում Արցախը մասամբ ազատ երկրների դասակարգումից անցել է անազատ երկրների շարքը և քարտեզի վրա ներկվել նույն՝ Ադրբեջանի գույնով: Այսինքն՝ ժողովրդավարության մակարդակի միջազգային ընկալման մեջ Արցախը հավասարվել է Ադրբեջանին: Սա վտանգավոր միտում է:

Փաստացի, միջազգային հանրությունը կարող է որևէ խնդիր չտեսնել, որ ոչ ազատ Արցախը լինի ոչ ազատ Ադրբերջանի կազմում: Ժողովրդավարական ինստիտուտների անկումը պատճառահետևանքային կապով կապված է Արցախի տարածքային ամբողջականության, անձեռնմխելության և բնակչության անվտանգության հետ:

Ուժեղ ժողովրդավարությունը Արցախում հզոր խաղաքարտ կլինի Ադրբեջանի հետ բանակցություններում: Այս պարզ ռազմավարությունը Հայաստանի և Արցախի իշխանությունները ընկալած պետք է լինեին և բանակցային գործընթացում օգտագործեին որպես զենք:

Արցախը և հայությունն ընդհանրապես իրավունք չունեն ժողովրդավարության խաղաքարտը կորցնել առհավետ:

Մեկնաբանել