Հայաստանը կմասնակցի 3+3 ձևաչափով նախանիստին

Դեկտեմբերի 10-ին 3+3 կամ 3+2 ձևաչափով նախանիստ է լինելու, ու Հայաստանը մասնակցելու է արտաքին գործերի նախարարի տեղակալի կարգավիճակով, քանի որ այդ ձևաչափով է լինելու նախահանդիպումը։ Քննարկվելու են հետագա անելիքները․ դեկտեմբերի 8-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ նախանիստն անցկացվելու է Մոսկվայում։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը 3+3 ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե այդ հարթակում չքննարկվեն հարցեր, որոնցով ներգրավված ենք այլ ձևաչափերում։ «Հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ, և ունենք ազդակ, որ նրանք կիսում են այդ տեսակետը»,- նշեց Փաշինյանը։

Նոյեմբերին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով 3+3 ձևաչափի մասին, ասել էր՝ «Հայաստանը վերապահումներ ունի 3+3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափի հետ կապված»։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով հետաքրքրված է, բայց 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված քննարկվում են այլ ձևաչափով:

3+3 ձևաչափի մասին

2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վեց երկրների մասնակցությամբ համագործակցության հարթակ ստեղծելու գաղափարով հանդես է եկել Թուրքիան։ Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում 2020-ի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր «Վեցի հարթակ» ստեղծելու մասին։

Ներկայում գործընթացում ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանը։ Մոսկվան հայտարարել է, որ «եկել է ժամանակը ձևաչափը գործնական հուն մտցնելու համար»։

Ինչ վերաբերում է Վրաստանին՝ այդ երկրի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին խորհրդարանում հաստատել է, որ իր երկիրը չի մասնակցելու ձևաչափին, և ինքն այդ մասին տեղյակ է պահել Թուրքիա և Ադրբեջան իր այցերի ընթացքում։ Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թբիլիսիից հնչում են «հակասական հայտարարություններ»՝ նկատի ունենալով Զալկալիանիի հոկտեմբերին արած հայտարարությունը․ «Չնայած Ռուսաստանի հետ հակասություններին՝ Վրաստանը պետք է ինչ-որ ձևով մասնակցի տարածաշրջանային խոշոր նախագծերին»։ Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է այդ պնդումը՝ այն անվանելով լրատվամիջոցների սխալ մեկնաբանություն։

Մեկնաբանել