Սամվել Բաբայանն առաջարկում է Արցախում հաստատել ՄԱԿ-ի մանդատ

սամվել բաբայան սիվիլնեթ հարցազրույց

Արցախի պաշտպանության առաջին նախարար, Հայաստանի «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ուղերձ է հղել, որում ասում է, որ «հայկական պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունն այսօր կախված է երեք խնդիրներից, որոնք կկանխորոշեն Հայաստանի և Արցախի ճակատագիրը»։

Առաջինը, ըստ Բաբայանի՝ ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումն է Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Մինչև ԼՂՀ միջազգային ճանաչումը, որպես անկախ հանրապետություն, ԼՂՀ-ն պետք է լինի մանդատային տարածք՝ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերի ներկայությամբ, նրանց հստակ ամրագրված լիազորություններով, պարտավորություններով և վերահսկողության մեխանիզմներով (ներառյալ հակամարտության սրում հրահրող կողմի պատասխանատվության ենթարկելը)»,- ասված է ուղերձում։

Իրական օրակարգային հաջորդ խնդիրը, Սամվել Բաբայանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացն է, որը պետք է տեղի ունենա ոչ թե «միջանցքային»՝ արտատարածքային օգտագործման իրավունքով, այլ բացառապես «ճանապարհային» ձևաչափով։

Երրորդը խնդիրը Հայաստանի պետական սահմանների սահմանագծումն և սահմանազատումն է Ադրբեջանի հետ․ «Այս գործընթացը պետք է իրականացվի բացառապես 1920-ական թվականների քարտեզներով` միջազգային իրավական հիմունքներով»,- նշում է Բաբայանը։

«Վերջապես հրաժարվեք մտացածին օրակարգերից և միավորվեք իրական խնդիրների շուրջ՝ ընդդեմ համընդհանուր սպառնալիքների։ Այսօր, իրապես, վերը նշված երեք հարցերից է կախված համայն հայության ճակատագիրը։ Եկեք հրաժարվենք քաղաքական մանր տարաձայնություններից ու ժողովրդին արհեստականորեն տարանջատող ամբիցիաներից և միավորվենք արտաքին թշնամու դեմ՝ ով ի տարբերություն մեզ, զգալիորեն հզորացել է և՛ տնտետասական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում։ Եկե՛ք միաբանվենք որպես միասնական ուժ, ստեղծենք փոխգործակցության հարթակ՝ արդի մարտահրավերները և լուծումները քննարկելու համար, և լսենք միմյանց՝ առանց սևերի ու սպիտակների բաժանվելու, առանց պիտակների ու նախապաշարմունքների»,- ասված է ուղերձում։

Սամվել Բաբայանը հայտարարում է, որ պատրաստ է բոլորի հետ քննարկել առաջարկներն ու լուծումները նշված երեք հարցերի շուրջ․ «Պատրաստ եմ մասնակցել ցանկացած ձևաչափի հանդիպումներին ու քննարկումներին»։