Թուրքիայի քաղաքական ներկապնակը ընտրություններից առաջ․ ով ում հետ է, ով՝ ում դեմ

Թուրքական լիրան տևական ժամանակ է, ինչ գտնվում է անկման փուլում՝ խորացնելով երկրում առկա տնտեսական դժվարությունները: Արձանագրվել է բարձր գնաճ, որի հետևանքով կենսական ապրանքների գները հիմնականում հասել են երկնիշ, իսկ տեղ-տեղ՝ եռանիշ թվերի: Եթե նոյեմբերի վերջերին լիրայի հերթական գահավիժումը Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում (Անկարա, Ստամբուլ, Իզմիր) հանգեցրել էր ինքնաբուխ բողոքի ցույցերի, ապա վերջերս դրանք համակարգային բնույթ են ստացել՝ ղեկավարվելով երկրի ընդդիմության կողմից:

Երկրի գլխավոր ընդդիմությունը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, դեկտեմբերի 5-ին բազմահազարանոց հանրահավաք է կազմակերպել Թուրքիայի Մերսին քաղաքում: Ըստ տարբեր հաշվարկների՝ քեմալականների կազմակերպած ցույցերին մասնակցել է ընդհուպ մինչև 200 000 քաղաքացի: Ընդդիմությունը հիմնականում պահանջում է վերադարձ երկրի կառավարման խորհրդարանական համակարգին, ինչպես նաև արտահերթ համապետական ընտրությունների անցկացում, որոնք ժամանակացույցով նախատեսված են 2023-ին:

Սակայն կարևոր հարցերից է, թե ներկայում որքանով են թուրքական ընդդիմության սպասելիքները արդարացված, որքանով են դրանք արտացոլում իրականությունը, և իշխանափոխության համար ինչ հնարավորություններ կան:

Արտահերթ ընտրություններ է պահանջում նաև քեմալականների դաշնակից, ազգային-պահպանողական հայացքներով աչքի ընկնող «Լավ» կուսակցությունը: «Ազգային դաշինք»-ում միավորված այս երկու կուսակցությունները տնտեսական դժվարությունների պայմաններում համոզված են, որ Էրդողանի վարկանիշը կտրուկ անկում է ապրում, և նրա կառավարման օրերը հաշված են: Նույնը ընդունված է կարծել նաև «Ազգայնական շարժում» կուսակցության մասին, որը «Ժողովրդական դաշինք»-ի մեջ է Էրդողանի գլխավորած «Արադարություն և զարգացում» կուսակցության հետ:

Սակայն կարևոր հարցերից է, թե ներկայում որքանով են թուրքական ընդդիմության սպասելիքները արդարացված, որքանով են դրանք արտացոլում իրականությունը, և իշխանափոխության համար ինչ հնարավորություններ կան:

Թեպետ տարբեր սոցհարցումների տվյալներով՝ իշխող և ընդդիմադիր դաշինքների վարկանիշները փոփոխակի հաջողություններով գերազանցում են միմյանց, սակայն հիմնականում դրանք կամ հավասար են, կամ էլ՝ շատ մոտ միմյանց: Metropoll հետազոտական կենտրոնի նոյեմբերի տվյալներով՝ իշխող դաշինքը 40 տոկոս ցուցանիշով աննշան առավելություն ունի «Ազգային դաշինք»-ի նկատմամբ, որի ձայները կազմել են 39,5 տոկոս: Իսկ նոյեմբերի վերջին Ժողովրդահանրապետական կուսակցությանը հարող Cumhuriyet օրաթերթի հրապարակումներից մեկի համաձայն՝ երկու դաշինքներն ունեն հավասար՝ 39,4-ական տոկոս ձայն:

Տարբեր սոցհարցումներ ցույց են տալիս, որ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժն առաջ է մնացյալ կուսակցություններից և ունի 30 կամ ավելի տոկոս ձայն, այնինչ գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետականների ձայները կայունությամբ աչքի չեն ընկնում՝ տատանվելով 24-28,5 տոկոսի միջակայքում:

Ավելի կայուն են վերջինների դաշնակցի` «Լավ» կուսակցության ցուցանիշները, որոնք տևական ժամանակ ամրապնդվել են 14 տոկոսի միջակայքում: Սակայն անհամեմատ ավելի թույլ են Էրդողանի դաշնակցի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության դիրքերը, որոնց ձայները հիմնականում կազմում են 7-8,5 տոկոս:

Թուրքիայի ընդդիմադիր երկու կուսակցությունները սիրում են մատնանշել իշխող կոալիցիոն դաշինքում հնարավոր տարաձայնությունները, որոնք կտրականապես հերքվում են հակառակ ճամբարից: Ավելին՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ, իր հավատարմությունն է հայտնում իշխող դաշինքին և անվերապահորեն սատարում Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Բահչելին համատեղ համագործակցությամբ է տեսնում Թուրքիայի զարգացումը ոչ միայն մինչ 2023, այլև 2053 թվականները։

«Ժողովրդական դաշինքը»

Ի տարբերություն իշխող դաշինքի՝ ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ում խնդիրներն ակնհայտ են․ իշխանություններից պահանջելով հրատապ արտահերթ ընտրություններ՝ այնտեղ չեն կարողանում համաձայնության գալ նախագահի իրենց միասնական թեկնածուի անվան շուրջ։ Դատելով տարբեր հայտարարություններից՝ «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները չի ցանկանում այդ դերում տեսնել Ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, սակայն դեմ չէ քեմալականների հայտնի դեմքերից՝ Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի հնարավոր թեկնածությանը:

«Ազգային դաշինքը»

Ավելին՝ «Լավ» կուսակցությունում համարում են, որ քաղաքապետերն իրենց հեղինակությամբ գերազանցում են Ժողովրդահանրապետական կուսակցությոան առաջնորդ Քըլըչդարօղլուին, հետևաբար նրանցից մեկի առաջադրումը ավելի մեծ հաջողություն կարող է բերել դաշինքին գալիք ընտրություններում: Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին հակված չէ իր կուսակից քաղաքապետերի առաջադրմանը՝ համարելով, որ երկրի ամենակարևոր քաղաքներ Ստամբուլն ու Անկարան նրանց կարիքն ավելի շատ ունեն: Անշուշտ տարակուսելի է նաև այն, որ Մերսինի հանրահավաքին բացակայում էին Ստամբուլի և Անկարայի քաղաքագլուխները, այնինչ ներկա էին կուսակցությունից առաջադրված այլ քաղաքապետեր: Կուսակցությունից մեկնաբանել են, թե որևէ քաղաքապետի հատուկ հրավեր չի ուղարկվել, և մասնակցության հարցը սեփական հայեցողությամբ է եղել:

Քրդական գործոնն առանցքային է

Թեպետ ընտրություններում հիմնական պայքարը ընթանալու է վերոնշյալ երկու դաշինքների միջև, սակայն Թուրքիայի ներքաղաքական կյանքում առանցքային է քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործոնը: Այն տարբեր հաշվարկներով ունենալով 10-11 տոկոս ձայներ՝ իշխանությունների կողմից ենթարկվում է ճնշումների։ Թուրքիայի Սահմանադրական դատարանում քննվում է կուսակցությունը փակելու հարցը: Իշխանությունները քրդամետ կուսակցությունը նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ՝ այն համարելով կազմակերպության քաղաքական թևը։ Այդ նույնականացումը Թուրքիայի հասարակության շրջանում անգամ որոշ նախապաշարմունքներ է ստեղծել։

Իշխանությունները քրդամետ կուսակցությունը նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ՝ այն համարելով կազմակերպության քաղաքական թևը։ Այդ նույնականացումը Թուրքիայի հասարակության շրջանում անգամ որոշ նախապաշարմունքներ է ստեղծել։

Իշխանությունների նման խտրական վերաբերմունքն ու ձևավորած մթնոլորտը հետ է պահում ընդդիմադիր դաշինքին քրդամետ քաղաքական ուժի հետ հնարավոր պաշտոնական համագործակցությունից, քանի որ այն հասարակության մեջ կարող է խիստ բացասաբար ընկալվել և վտանգել ունեցած աջակցությունը: Պատահական չէ, որ թուրքական կառավարությունը, ցանկանալով հեղինակազրկել ընդդիմադիր դաշինքը, մերձիշխանական լրատվամիջոցների միջոցով հաճախ է նշում, թե հատկապես ժողովրդահանրապետականների և քրդամետ ուժի արտահայտած մտքերը «համընկնում են, դրանք հակապետական են»:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հնարավոր ընդգրկումը «Ազգային դաշինք»-ում էականորեն կավելացներ ընդհանուր ձայների տոկոսը և կտրուկ կմեծացներ ընտրություններում հաղթանակի հավանականությունը:

Իշխանությունների օգտին է խոսում այն, որ տնտեսական դժվարությունների հետևանքով առկա հիասթափությունը ամենևին չի երաշխավորում ընդդիմադիր դաշինքի ձայների ավելացում։

Հետևաբար ամբողջ ընդդիմադիր դաշտի ոչ միասնականությունը շահավետ է իշխանության համար: Բացի այդ, իշխանությունների օգտին է խոսում այն, որ տնտեսական դժվարությունների հետևանքով առկա հիասթափությունը ամենևին չի երաշխավորում ընդդիմադիր դաշինքի ձայների ավելացում, ինչը կարող է բերել պարզապես ընտրությունների ցածր մասնակցության, և դա նույնպես ձեռնտու է իշխող ուժին։

Այնուամենայնիվ, քրդամետ խորհրդարանական ուժը ներկայում ներգրավված չէ որևէ կոալիցիոն գործընթացում և փորձում է սեփական ռազմավարությունը մշակել։ Քրդամետ խորհրդարանական կուսակցությունն իր հերթին գաղափարապես տարբերվում է քաղաքական մյուս հիմնական ուժերից՝ հանդես գալով ժողովրդավարության, քրդական հարցի օգտին, ինչպես նաև այլ պետությունների գործերում Թուրքիայի միջամտության դեմ: Սակայն թուրքական խորհրդարանական մյուս ուժերը մերժում են քրդական հարցը և հանդես են գալիս ծավալապաշտական դիրքերից:

Քրդամետ ուժից բացի՝ երկրի հիմնական կուսակցությունները աչքի են ընկնում ազգայնական տրամադրություններով: Էրդողանը, օգտագործելով այդ գործոնը, փորձում է նաև ձայներ խլել գլխավոր ընդդիմությունից՝ քեմալականներից, ներկայացնելով իրեն Աթաթուրքի ծրագրերի հետնորդ՝ հնարք, որին նա տարիներ շարունակ դիմում է՝ ժողովրդահանրապետականներին անգամ մեղադրելով «Աթաթուրքի պատգամներից հեռանալու» մեջ: Դրա մասին նա բացահայտ խոսել է նոյեմբերի 10-ին Մուստաֆա Քեմալի մահվան տարելիցին՝ զուգահեռներ անցկացնելով Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականության և Աթաթուրքի մոտեցումների միջև:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համակիր

Այսպիսով, թուրքական ընդդիմության կողմից արտահերթ ընտրությունների պահանջը գլխավորապես թելադրված է Թուրքիայի սոցիալ-տնտեսական դժվարություններով, որոնք պաշտոնական հավաստիացումներով ժամանակավոր բնույթ ունեն: Թուրքական ընդդիմադիր դաշինքը թեկուզև հանրահավաքների միջոցով՝ խնդիր ունի նախընտրական փուլում օգտագործելով առկա դժգոհությունները՝ կտրուկ ավելացնել իր ձայները և նժարը թեքել իր կողմը, հակառակ պարագայում՝ նույնիսկ ստատուս-քվոն առայժմ իշխանությունների օգտին է:

Ընդդիմադիր դաշինքի ներսում հակասությունների և իշխանությունների նկատմամբ ձայների բացահայտ առավելություն չունենալու պարագայում արտահերթ ընտրությունների մասին հիշատակումներն ավելի շատ մարտավարական և քարոզչական բնույթ են կրում: Ընդիմմության օգտին չի խոսում նաև այն փաստը, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը մասնատված է:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ ի տարբերություն ընդդիմադիր դաշինքի՝ իշխող «Ժողովրդական դաշինք»-ը շատ ավելի հստակ է պատկերացնում իր անելիքները և առերևույթ չունի էական հակասություններ: Ավելին՝ հասարակության լայն շերտերի ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու համար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, արտաքին քաղաքականության մեջ գնա կտրուկ քայլերի: