Հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, հաղորդում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք։
«Վ. Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353 մլն դրամ, սակայն 2005-2021-ի ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաև բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2,4 մլրդ դրամ: Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու և դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված 2,1 դրամի գույք»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանը կնոջը պաշտոնի է նշանակել ռազմական ոստիկանությունում։ Նրա կինը ծառայության չի ներկայացել, սակայն ստացել է 17 մլն դրամ աշխատավարձ: Պարզվել է նաև, Գասպարյանի` ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար:
«Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ոստիկանության պետ ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ-ի նախագահը, օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը և կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբին: Գասպարյանի կողմից գույքի վատնումը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել 857 մլն դրամի գույքային վնաս»,- հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։