Իմաստ ունի՞ արդյոք հայերի և ադրբեջանցիների երկխոսությունը շարունակվող արյունահեղության պայմաններում

kazbegi Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի, OC Media.

Առնոլդ Ալահվերդյան, OC Media

Առնոլդ Ալահվերդյանը, որը hայ-ադրբեջանական Bright Garden Voices երկխոսության հարթակի համահիմնադիրն է, այս հոդվածում մեկնաբանում է, թե նախագիծն ինչ մարտահրավերների է առերեսվում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բռնությունների լույսի ներքո, և բացատրում, թե ինչու հույս ունի, որ միջսահմանային հաղորդակցության շնորհիվ հնարավոր է ինչ-որ բանի հասնել:

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական երկխոսությամբ զբաղվող անհատներն ու հարթակները սոցիալական ցանցերում հարձակման ենթարկվեցին (ոչ առաջին անգամ)՝ հիմնականում հայերի կողմից: Այդ նախաձեռնությունների թիրախում հայտնվեց նաև Bright Garden Voices-ը, որը ես համահիմնադրել եմ 2021-ին:

Առցանց տիրույթում զայրույթի այս աճը տեղի ունեցավ Հայաստանի Սյունիքի մարզ ադրբեջանական զինուժի ներխուժման մասին լուրերից հետո, ինչպես նաև նոյեմբերի կեսերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած բռնության այլ միջադեպերի ֆոնին: Սա Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր ռազմական գործողությունների ամենաարյունալի էսկալացիան էր, որի հետևանքով մեկ տասնյակից ավելի մարդ զոհվեց: Հաղորդվում էր, որ մի խումբ հայ զինծառայողներ նաև գերի են ընկել այդ ընթացքում, իսկ համացանցում սկսեցին տարածվել տեսանյութեր, որոնցում հայ ռազմագերիները (հնարավոր է, որ գերեվարվել էին այս միջադեպի ժամանակ) վատ վերաբերմունքի էին արժանանում:

Զայրացած արտահայտությունների մեծ մասը, հասկանալի է, հուզական պոռթկումներ էին, դրանց մի մասի հեղինակները մարդիկ էին, որոնք այլ պայմաններում դեմ չեն սովորական մարդկանց միջև հաղորդակցությանը: Բայց ինչո՞ւ պետք է որևէ մեկի մտքում առաջինը ծագի հենց այն միտքը, որ պետք է քննադատել նրանց, ովքեր կապ չունեն այս զարգացումների հետ:

Սա մասամբ պայմանավորված է որոշ անհատների կողմից արվող նպատակաուղղված հայտարարություններով, որոնք կտրականապես դեմ են ցանկացած փոխազդեցության այն մարդկանց հետ, որոնց նրանք ամբողջությամբ համարում են «թշնամի», և առանձնահատուկ թշնամություն ունեն իրենց հանրության առաջադեմ տարրերի նկատմամբ:

Այս միջադեպերը հիանալի հնարավորություն էին նման անհատների համար, որպեսզի մարդկանց զգացմունքները շահարկեն հօգուտ իրենց օրակարգերի: Նրանք զգուշորեն արեցին հայտարարություններ, որոնց նպատակն էր վարկաբեկել և նսեմացնել երկխոսության նախաձեռնությունները և մարդկանց, որոնք հրապարակայնորեն շփվել են «թշնամու» հետ՝ նրանց դարձնելով հեշտ թիրախ այլոց զայրույթի և հիասթափության համար:

Ցավոք, սոցիալական մեդիան հակված է ուժեղացնելու բորբոքված ձայները՝ հաճախ մարգինալ տեսակետները դարձնելով թվացյալ կերպով ավելի տարածված, և այդպիսով անհատներին ենթարկելով սեփական արժեքները վերագնահատելու վտանգին՝ իրենց ազգային հանրության խեղաթյուրված կերպարին դեմ հանդիման:

Սա է պատճառներից մեկը, որ հաճախ դժվար է խթանել հայ-ադրբեջանական երկխոսությունն առցանց տիրույթում, բայց, իհարկե, ոչ միակը:

Bright Garden Voices-ի հիմնադրումը

2021-ի հունվարին Դիեգո Արդուինի և Այդան Գասիմովայի հետ (նրանց այժմ փոխարինում է Ռաուֆ Մամեդովը որպես համակազմակերպիչ) ես համահիմնեցի Bright Garden Voices-ը (Bright Garden), որը հարթակ է հայ-ադրբեջանական երկխոսության համար: Bright Garden Voices-ը դարձավ այն մի քանի նախաձեռնություններից մեկը, որը կա՛մ ի հայտ եկավ, կա՛մ մնաց ակտիվ անցյալ տարվա պատերազմից հետո:

Հիասթափված լինելով, որ Կովկասում կառուցողական ձայները խեղդվում են Թվիթերյան թրոլինգի հորձանուտում՝ մենք որոշեցինք կազմակերպել առցանց հանդիպումներ, որտեղ կարելի է իրական ժամանակում շփվել իրական մարդկանց հետ՝ տեսնելով նրանց դեմքերը և լսելով նրանց ձայները:

Մեր նպատակներն են եղել մարդկային կերպարանք հաղորդել կողմերից յուրաքանչյուրին և զարգացնել փոխըմբռնումն ու կարեկցանքը ադրբեջանցիների և հայերի միջև, ինչպես Կովկասում, այնպես էլ ողջ աշխարհում:

Մենք հիանալի գիտեինք, թե ինչ հսկայական առաջադրանք է դրված մեր առջև, ինչպես նաև այն, որ հակամարտության խորհրդանշական կարևորությունն ու անդրսերնդային բնույթը դժվարացնում են թեմայի հետ կապված ցանկացած քննարկում։

Ադրբեջանական հասարակության մեծ մասի համար 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ վերահսկողության կորուստը և այն, որ հարյուր հազարավոր մարդիկ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ստիպված եղան փախչել այդ շրջաններից, ինչպես նաև Հայաստանից, որոշիչ տարր դարձան ազգային տառապանքի և հավաքական պայքարի, որում հայերը ազգային մակարդակում համարվեցին որպես «օտար»:

Արդյունքում, նույնիսկ վերջին պատերազմում Ադրբեջանի համար բարենպաստ ելքից հետո, շատ ադրբեջանցիներ դեռ անհանգստացած են «թշնամու» հետ երկխոսության գաղափարից, որն այնքան կարևոր է իրենց ընտանիքի ունեցած փորձառության, ազգային ինքնության կամ երկուսի համար էլ:

Բացի Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարից՝ շատ հայերի համար Ղարաբաղյան առաջին պատերազմը ազգային հաղթանակի հազվագյուտ պատմույթ էր դարերով տևած արշավանքներից, կայսերական բռնի տիրապետությունից և ցեղասպանությունից հետո, որին զոհ գնաց հայ ազգի զգալի մասը: Ի տարբերություն առաջին պատերազմի վերաբերյալ ադրբեջանցիների հիշողությունների՝ հերոսության և տոկունության պատմությունները ստվերում էին հայ փախստականների և խաղաղ բնակիչների տառապանքները:

Սա փոխվեց վերջին պատերազմից հետ, որի հետևանքով հայերը հայտնվեցին պարտված և խոցելի վիճակում, քանի որ շատերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղի որոշ մասերում գտնվող իրենց տները: Անցյալի չբուժված վերքերն ավելի ցավոտ դարձան այն բանից հետո, երբ հայերը տեսան, թե պատերազմի ընթացքում ինչպես է Թուրքիան ուղղակիորեն օգնում Ադրբեջանին և մասնակցում իրենց նվաստացմանը:

Սա նպաստեց հայ ազգային երևակայության մեջ «թուրքի» կերպարի հետ ադրբեջանցիների հետագա ասոցացմանը՝ որպես չարամիտ ոխերիմ թշնամի: Սա հատկապես ճշմարիտ է սփյուռքի համար, որն իրեն ավելի է ասոցացնում Հայոց ցեղասպանության հետ և գերիշխող դեր ունի հայաստանյան առցանց խոսույթում:

Հաղթահարելով փոթորկի առաջին հարվածը

Նախաձեռնության մասին հայտարարելուց անմիջապես հետո մեզ ցնցեց զայրույթի փոթորիկը։ Պատերազմից ընդամենը երկու ամիս էր անցել, և վերքերն ու կորուստները դեռ թարմ էին։ Որոշ ադրբեջանցիներ և շատ ավելի շատ հայեր վրդովված էին։

Լինելով Bright Garden-ի հայ համահիմնադիրը՝ ես դարձա քննադատության, ոտնձգությունների և անձնական հարձակումների հիմնական, թեև ոչ միակ թիրախը: Իմ հասցեին շատ վիրավորանքներ հնչեցին, ինձ նաև շատ բաներում մեղադրեցին։ Ես նաև տարբեր թշնամական հաղորդագրություններ ստացա, որոնք, կարծես թե, գալիս էին հիմնականում խորապես հիասթափված մարդկանցից:

Շատ հայերի համար ադրբեջանցիների հետ երկխոսության գաղափարն անընդունելի էր և մնում է անընդունելի, հատկապես, որ շատ ռազմագերիներ դեռ չեն վերադարձել տուն:

Այդուհանդերձ, կարևոր է նշել, որ սկզբնական փուլում հրահրիչ գործողությունների մեծ մասի հեղինակները, կարծես, այն նույն մարդիկ էին, որոնք ռազմական վերջին գործողությունների մասին լուրերից հետո թիրախավորեցին երկխոսությանը միտված անհատներին:

Ճակատագրի հեգնանքով սա մեզ ավելի շուտ օգուտ տվեց, քան վնաս։ Շրջանառելով մեր հայտարարությունները, նույնիսկ թշնամական բառապաշարով, նրանք օգնեցին, որ ավելի շատ մարդ լսի մեր նախագծի մասին։ Այս սցենարի կրկնությունը, որքան էլ տհաճ լինի, շարունակում է աշխատել ի շահ մեզ՝ օգնելով, որ ավելի շատ մարդիկ կապվեն մեզ հետ:

Հակասական հույզեր

Zoom-ով մեր առաջին երկու հանդիպումներից հետո Bright Garden-ի նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն փոխվեց: Սա կա՛մ այն պատճառով էր, որ մարդիկ հավանեցին մեր հանդիպումների ժամանակ կիրառվող մոտեցումները, կա՛մ գուցե այն պատճառով, որ նախաձեռնությամբ հետաքրքրված ավելի շատ մարդիկ զգացին, որ մեզ հետ շփվելն անվտանգ է: Իրոք, նույնիսկ ավելի վաղ շրջանի մեր քննադատներից ոմանք հրաժարվեցին իրենց սկզբնական արտահայտություններից:

Բայց սա հեշտ տարի չի եղել։ Bright Garden-ի նկատմամբ վատ վերաբերմունքը կարող է շարունակվել՝ կախված զարգացումներից, որոնք դուրս են մեր վերահսկողությունից։

Օրինակ՝ Բաքվում ռազմավարի պուրակի բացման պատճառով, որտեղ ներառված էին նվաստացած հայ զինվորներին ներկայացնող ծաղրական մանեկեններ, մենք մինչև ապրիլի վերջ պասիվ մնացինք: Ավելին, ռազմական գործողությունների հաջորդական էսկալացիաների պատճառով մեր որոշ գործողություններ կա՛մ հետաձգվել են, կա՛մ չեղարկվել։

Նոյեմբերի 16-ի բախումներից հետո մեր ստացած բացասական արձագանքը վերջինն էր նման օրինակներից:

Չնայած այս ամենին՝ Bright Garden-ը շարունակում է աճել որպես կամավորների և հետևորդների համայնք: Մեր գործունեությունը ներառում է հանդիպումներ Zoom-ում, զրույցներ Instagram-ում, հարցազրույցներ և փոխազդեցության այլ միջոցներ սոցիալական մեդիայում: Մենք նաև նոր ուղիներ ենք ուսումնասիրում, որպեսզի տարբեր սերունդների ներգրավենք այնպիսի գործողություններում, ինչպիսիք են անդրսահմանային առցանց խաղերը:

Երկխոսությունը կենսական նշանակություն ունի

Կովկասում և ամբողջ աշխարհում մեր հետևորդները կմատնանշեն, որ երկխոսության օգուտները շատ ավելի հեռու են տանում, քան մարդասիրության, փոխըմբռնման և կարեկցանքի սահմաններն են։

Անցյալի և ներկայի հավաքական տրավմաների և սխալների քննարկումը կարող է մարդկանց միավորել՝ առնչվելու հակամարտության ամենամութ տարրերի հետ և համախմբել նրանց ընդդեմ կարմիր գծերի հատման (որը ներառում է, բայց չի սահմանափակվում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով) այսօր և ապագայում: Սա հատկապես կարևոր է դաժան հակամարտությունների ժամանակ, այլ ոչ թե՝ անկախ դրանից:

Bright Garden-ում իմ ներգրավվածությունն օգնեց ինձ հակամարտությունը տեսնել ավելի ամբողջական լույսի ներքո: Այն նաև օգնեց ինձ գտնել տարբեր ծագում ունեցող դաշնակիցների, որոնք կիսում են իմ արժեքներն ու սկզբունքները:

Ես, անշուշտ, իրավունք չունեմ բարոյական բարձր դիրք գրավել հայ-ադրբեջանական անջրպետում հաղորդակցությունը խթանելու գործում, հատկապես մարդկանց նկատմամբ, որոնք ողբերգական պատմություն ունեն այս հակամարտությունում: Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ նույնկերպ անհիմն է խանգարել նրանց, ովքեր ցանկանում են երկխոսություն վարել:

Առնոլդ Ալահվերդյանը Bright Garden Voices-ի՝ հայերի և ադրբեջանցիների միջեւ երկխոսության հարթակի համահիմնադիրն է: Նա Կալիֆոռնիայի Իրվինի համալսարանում դոկտորական ասպիրանտ է։

Մեկնաբանել