Ռուս խաղաղապահների ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը․ Գերասիմով

Ռուս զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործողության շրջանակներում այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և հումանիտար այլ խնդիրների լուծման վրա։ Այս մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ հանդիպմանն ասել Է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բացի հրադադարի պահպանման հսկողությունից, մեր խաղաղապահների ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը։ Ընդ որում ՝ հաջողությամբ լուծվում են հումանիտար խնդիրները»,- ասել Է Գերասիմովը։

Որպես հումանիտար հիմնական խնդիրներ, ՌԴ գլխավոր շտաբի պետը նշել է տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ռազմագերիների վերադարձը, զոհվածների մարմինների որոնումը, հումանիտար բեռների առաքման անվտանգության ապահովումը և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։

«Ավելի քան մեկ տարի առաջ հաջողվեց կանգնեցնել արյունահեղ պատերազմը և պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- ասել է նա։

Գերասիմովը նաև հիշեցրել է, որ «կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման համար այս տարվա հունվարից Ադրբեջանի Աղդամի շրջանում գործում է ռուս-թուրքական համատեղ կենտրոն»:

Մեկնաբանել