Ձեռնպահ մնալ եռակողմ պայմանավորվածություններն արգելակող հայտարարությունից․ Զախարովան՝ Ալիևի խոսքերի մասին

Կողմերը պետք է ձեռնպահ մնան հայտարարություններից, որոնք դանդաղեցնում են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ միջանցքի բացման ժամկետների մասին հայտարարությունը։

«Մենք հաճախ հարկադրված ենք լինում լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանել կողմերի հայտարարությունները։ Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է․ ձեռնպահ մնալ հայտարարություններից, գործողություններից, որոնք կարող են դանդաղեցնել եռակողմ բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Եվ իհարկե, ձեռնպահ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրացման և կարող են ծանրացնել իրավիճակը»,- ասել է Զախարովան։

***

Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում է լսել ժամկետներ, թե «երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը, և այդ ժամանակ ոչ մի խնդիր չի լինի»։ «Կարծում եմ՝ և Հայաստանի ղեկավարությունը, և հասարակությունը, և Հայաստանի բնակչությունը պետք է հասկանան դա։ Մենք հասանք, հասնում ենք և կհասնենք մեր ուզածին»,- ասել է նա։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ Հայաստանի ԱԳՆ-ն նշել է, թե Ալիևի հայտարարությունը հակասում է Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասել էր, որ Ալիևի՝ միջանցքի բացման ժամկետների մասին հայտարարությունը հայկական կողմի համար անսպասելի էր։

Մեկնաբանել