Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Նրանք այս պահին ձերբակալված են, և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Դատական նիստերը շարունակվում են, հավանաբար, կեսօրին հայտնի կլինեն որոշումները»,-նշեց Թադևոսյանը։
Վերադարձած գերիները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
***
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել տասը հայ զինծառայողների, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում տեղի ունեցած զինված բախման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր․ «Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննենք»։ Վարչապետն ասել էր՝ «պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»։