Ըստ ՊՆ-ի՝ Վարդենիսում ցուցարարները թույլ չեն տվել վիրավորին տեղափոխող մեքենային անցնել

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պնդում է, որ Վարդենիսում բողոքի ակցիա իրականացնողները թույլ չեն տվել վիրավոր զինծառայող տեղափոխող մեքենային անցնել։

Խոսքը դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո թեթև վիրավորում ստացած երկու հայ զինծառայողի միջադեպի մասին է։

«Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը»,- ասված է հայտարարությունում։

Պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից․ «Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից»,- նշում է ՊՆ-ը։

***

Վարդենիս խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, 5՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը: Ելնելով արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը hամագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իշխանությունները փորձում են «նվաճել Վարդենիսի ավագանին»:

«Իշխանական գործիչներից մեկը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը, հայտարարել է, որ ավագանու անդամները կարող են մտքափոխվել և ձայն տալ ՔՊ-ին: Այժմ փորձ է արվում ԿԸՀ-ի միջոցով մեկ մանդատ խլել դաշինքներից՝ թվային հարաբերակցությունը դրանով դարձնելով 14/13: Սակայն 13 մանդատը ևս չի բավարարում ՔՊ-ին՝ համայնքապետ ընտրելու համար: Ելնելով դրանից՝ իշխանությունները փորձում են ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն: Քիչ առաջ այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել են «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին: Իշխանությունների այս լկտի, ցինիկ վարքագիծը և բանեցվող բռնաճնշումները հուզումների տեղիք են տվել Վարդենիսի բնակչության շրջանում»,- հայտարարել էր դաշինքը։

Մեկնաբանել