Պատերազմը, կանայք ու խաղաղության խոսույթը

Դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների օրը կեզրափակի նոյեմբերի 25-ից մեկնարկած՝ կանանց նկատմամբ բռնության վերացման 16-օրյակը, բայց բռնության մասին խոսելը, ցավոք, չի կորցնի իր արդիականությունը: Կանայք ու երեխաները արտակարգ իրավիճակներում, այդ թվում՝ զինված հակամարտությունների ժամանակ, իրենց վրա են կրում այդ աղետների անհամաչափ ազդեցությունը:

Ցուցանակին գրված էր Վահագնաձոր: Զառիվայր շարքով քայլում էին կանայք ու երեխաներ: Երիտասարդ աղջիկներից մեկն աչքիս զարնեց: Մանկահասակ տարիքն ու գրկած մեկ տարեկան երեխան, դեմքին դաջված վախն ու անորոշությունը ցնցում էին: Դեր Զորն էր: Ես այնտեղ երբեք չէի եղել: Այնքան էի լսել շարքերով քայլող կանանց, ծերերի ու երեխաների մասին, այդ թվում նաև՝ իմ անէացած ընտանիքի, որ միայն ճանապարհին կանգնած ՀՀ ոստիկանների փաստը ուշքի բերեց: Պատերազմի որ օրն էր՝ չեմ հիշում: Ժամանակը կանանցով շոշափում էինք՝ տղաներին առավոտյան կամ երեկոյան ներկա-բացակա անելով: Պատերազմը չեղարկեց օրացույցի բնականոն ընթացքը, ու 365 օրերից մնացին մի քանիսը: Հոկտեմբերի 10-ին լուրերը դադարեցին, 13-ին ստացանք գույժն ու այդ օրը կանանցով կորցրինք զարկերակը:

Պատերազմից հետո խաղաղությունից խոսելն անվտանգ չէ: Անգամ մինչ այդ խաղաղությունից խոսելը հաճախ խարանվել է կոշտ ու գռեհիկ գնահատականներով, որոնք առանց խորհրդածության մնացել են չմարսված, անհարկի զգացական ու չհամակարգված: Մինչդեռ այն մեր առաջնային պարտականությունն է՝ որպես մեր սահամանդրությամբ և մարդու իրավունքների հռչակագրով ամրագրված կյանքի, ազատության ու անվտանգության եռակցված իրավունքներով օժտված մարդիկ՝ անկախ մեր սեռից, տարիքից կամ որևէ այլ հատկորոշչից:

Չգիտեմ՝ երբ, ինչու ու ինչպես համաձայնեցինք, մասնավորապես կանանցով, այս պատասխանատվությունը խոնարհաբար օտարել ու վստահել մի խումբ մարդկանց, ովքեր հաճախ խոսեցին պատերազմի դիրքից՝ նույնացնելով այն հարմարավետ ու կեղծ հայրենասիրության հետ, շահարկելով մեր արդարացի վախերն ու թողնելով մեզ անմիտ, անլեզու, հետևաբար և՝ կամազուրկ ու անպաշտպան:

2020-ին նշվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» բանաձևի ընդունման 20-ամյակը: Բանաձևի ընդունումից 19 տարի անց Հայաստանը առաջին անգամ հաստատեց թիվ 1325 բանաձևի կիրարկման գործողությունների ազգային ծրագիրը և միացավ նմանատիպ հանձնառություն որդեգրած 80 պետություններին։ Բանաձևը հաստատում է կանանց կարևոր դերը ընդհանուր 11 ուղղությունների՝ հակամարտությունների կանխարգելման և լուծման, խաղաղության բանակցությունների, խաղաղության հաստատման, խաղաղության պահպանման, հումանիտար արձագանքման և հետկոնֆլիկտային վերականգնման գործում: Ընդգծում է նրանց հավասար մասնակցությունը և լիարժեք ներգրավվածությունը խաղաղության պահպանմանն ուղղված բոլոր ջանքերում։ Բանաձևը կոչ է անում բոլոր դերակատարներին մեծացնել կանանց մասնակցությունը և որդեգրել գենդերազգայուն մոտեցումները ՄԱԿ-ի ներքո խաղաղության և անվտանգության բոլոր ջանքերում:

Պատերազմի օրերին ինձ ծանոթ ու անծանոթ կանայք հումանիտար օգնություն էին հասցնում Արցախից տեղահանվածներին, որոնք ապաստանել էին տարբեր համայքներում ու առաջնային օգնության, պարենի ու այլ իրերի կարիք ունեին: Պատերազմից հետո միգուցե կան, բայց տեսանելի չեն մնացած ուղղություններով այն միջոցառումները, որոնք ուղեկցվում են կանանց լիիրավ ու ամբողջական մասնակցությամբ:

Ենթադրում եմ, որ անտեսանելիությունն ունի խորքային պատճառներ ու հակամարտությունների կանխարգելման գործոնների հատվածական և մակերեսային պատկերացումներ:

Մինչդեռ միևնույն բանաձևից բխող ազգային ծրագրերում մի մեծ բաժին որպես կանոն նվիրված է կանխարգելմանը: Հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ծրագրի կանխարգելման բաժնում մեջբերվում և մեկնաբանվում է բանաձևի կանխարգելմանը վերաբերող ձևակերպումը:

«Հակամարտության պատճառով առաջացած և բոլոր այլ տիպի կառուցվածքային և ֆիզիկական բռնությունների, հատկապես սեռական և գենդերային հիմք ունեցող բռնությունների նվազեցում: Այս դրույթը ենթադրում է այնպիսի մեխանիզմների առկայություն, որոնք կապահովեն կանանց և աղջիկների անվտանգությունը թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ պայմաններում: Կարևոր է նաև բռնություն վերապրած կանանց համար արդարադատության հասանելիության ապահովումը»:

Խաղաղության համար պատերազմին պատրաստ լինելու հանրահայտ մեջբերումը, որպես կանոն, հիշում են սպառազինությունների վազքը արդարացնելու, կյանքն ու առօրյան ապագայի պատերազմին ենթարկելու համար: Հընթացս մոռանում են, որ կյանքն ու ազատությունը չեն կարող ստորադասվել անվտանգությանը: Փոխարենը բռնության մերժումը չի դիտարկվում որպես խաղաղության գրավական: Պատահական չէ, որ հանրության շրջանում տղամարդուց հաճախ ակնկալում են կոշտ ուժի ցուցադրություն, ընդհուպ մինչև բռնություն գործադրելու կամայականություն: Կնոջ պարագայում ակնկալիքներն իհարկե հակադարձ համեմատական են՝ հանուն ընտանիքի բռնությունը հանդուրժելը, իրենից սպասումները չարդարացնելու դեպքում բռնությունը արդարացի համարելը, լռելը, բռնության դեպքում որևէ երրորդ կողմին չներգրավելը, իսկ պետության դեպքում՝ ի սպառ բացառելը:

Հասարակության մի կեսի դեպքում սոցիալականացումը արտոնել է բռնության կամայական կիրառությունը՝ արդարացրել հասարակության ներսում ուժի կիրառումը և դրանով հաճախ չափել իսկական տամարդ լինելու հանգամանքը, իսկ մյուսի դեպքում ակնկալել, որ ամեն դեպքում այդ բռնությունը պիտի հանդուրժվի, ստեղծելով ուժի ու դրա գործադրման սեռով պայմանավորված միջխմբային դիսբալանս:

Տարօրինակ չէ, որ հարատև ներքին հակամարտության մեջ գտնվող հասարակությունը չի կարող մտմտալ խախաղության մասին:

Զարմանալի չէ, որ հասարակության ներսում բռնության արտոնություն ունեցող հատվածը շատ ավելի հանդուրժող է դառնում պետության կողմից անհամաչափ բռնության կիրառությանը՝ լուռ արտոնելով մարդու իրավունքները ոտնահարող ավտորիտար ռեժիմների ծնունդը: Այն վարժված է ուժի կիրառությանն ու ուժեղից ավելի ուժեղին ընդունելու մշակութային պարտադարանքին: Հաճախ նաև այդ պարտադրանքը շփոթում են ազգային ավանդույթի հետ: Պատահական չէ, որ նման հասարակությունը խաղաղության համար չունի անհրաժեշտ արժեբանություն և բառարան:

Երբ բռնությունը դիտարկվում է որպես բացառապես ներընտանեկան խնդիր, զուգահեռաբար հասարակության մեջ հնչում են կոչեր, թե «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան «քանդում է մեր ազգային արժեքներն ու ավանդույթները», իսկ պետությունը հստակ և աննահանջ քաղաքականություն չի իրականացնում սեփական հանրությանը պարտադրելու բռնության բոլոր ձևերի մերժում, ապա ակնկալել, որ առօրյայում ապրելով հարատև հակամարտության մեջ, կունենանք բավարար գիտելիք, հմտություն ու կարողություն գործելու հակամարտությունների կանխարգելման և լուծման, խաղաղության բանակցությունների, խաղաղության հաստատման, խաղաղության պահպանման համար, այն էլ կանանց հավասար մասնակցությամբ և լիարժեք ներգրավվածությամբ, անտեսանելի ապագայի խնդիր է մնում:

Մինչ այդ մենք Խանջյանի եռապատկերի կենտրոնական հատվածում պատկերված սգացող մոր ու անէացած որդու քարացած պատկերի շուրջ կյանք կազմակերպելու, տարբեր կերպարներ ստեղծելու դատապարտված հանրություն ենք շարունակում մնալ:

Մինչ այդ մենք ստիպված ենք ցավը խեղդած մորը հանձնել որդու սխրանքների առհավատչյան հանդիսացող հերոսի կոչումն ու լռել:

Ամենասարսափելին այդ ցավի շուրջ կենացներ ձոնելու պրակտիկան է: Մինչ այդ բռնությանը վարժված, այն հաճախ թյուրիմացաբար սեփական ինքնության մասը համարող հասարակությունը չի կարող հակամարտության դեպքում ՄԱԿ-ի խարտիայի 51-րդ հոդվածի ոգուն հավատարիմ ինքնապաշտպանություն երաշխավորվել՝ սեփական կամքով հակամարտությունից դուրս գալու, խաղաղություն հաստատելու, պահպանելու և մի օր լուծելու հույսով: Ներքին հակամարտության մեջ գտնվող հասարակության համար առաջնային է այն մշակութայնորեն հաղթահարելն ու բռնությունը մերժելը: Իսկ խաղաղության մասին անգամ դժվար, վախերով լի, մենակության դատապարտող մտավարժանքն ու գործը փոքրաթիվ խմբերի մենաշնորհը չէ: Այն մեր առաջնային պարտականությունն է:

Մեկնաբանել