Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ գերատեսչության՝ ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է․ «Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ էր շպրտվել։