Արմեն Չարչյանն ազատ է արձակվել կալանքից

Դատարանի որոշմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ է արձակվել կալանքից:

Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն կալանավորված պատգամավորները պետք է ազատ արձակվեն։

«Հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Մեր գործընկերներներին խայտառակ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն»,- գրել էր Վարդևանյանը։

***

Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Մեկնաբանել