«3+2» հանդիպմանը Հայաստանը շեշտել է, որ նոր հարթակները չպետք է կրկնորդեն միջազգային այլ հարթակներին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպմանը

Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հրավերով Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։

«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա»։

․․․

«3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափն առաջարկել է Թուրքիան՝ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո՝ ակնկալելով, որ դրանում պետք է ընդգրկվեն տարածաշրջանի վեց երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը հրաժարվում է մաս կազմել այս ձևաչափին՝ պայմանավորված Ռուսաստանի հետ քաղաքական խնդիրներով։ Դեկտեմբերի 10-ի հանդիպմանը Վրաստանի ներկայացուցիչը չի մասնակցել։