Բռնություն ու նվաստացում՝ Վրաստանի տեքստիլ արտադրության պատերից այն կողմ

Թամունա Չկարեուլի, OC Media

Թբիլիսիի տեքստիլ գործարաններից մեկի նախկին աշխատակցուհի Էլեոնորա Տեր-Պողոսյանը OC Media-ին է ներկայացրել գործարանում հոգեբանական և ֆիզիկական բռնության սարսափելի պատմությունը:

Երբ 46-ամյա Էլեոնորան աշխատանքի ընդունվեց Թբիլիսիում` Eurotex-ի կողմից կառավարվող տեքստիլ գործարանում, նա ոգևորված էր ու չէր մտածում, որ մի քանի տարի անց, հենց այս գործարանում, աչքի առաջ կանցնեն իր կյանքի ակնթարթները, մինչ մի զույգ ձեռքեր իր կոկորդն են սեղմում։

Eurotex-ում աշխատելու մեկ տարվա ընթացքում Էլեոնորան առաջխաղացում է ունեցել և անցել որակի վերահսկողության բաժին։ Աշխատելով կողք կողքի այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք Eurotex-ի հետ իրենց հագուստի արտադրության համար պայմանագիր են կնքել, նա տեխնիկապես պետք է հավաստիանար, որ գործարանից դուրս եկած վերարկուները զերծ լինեն ծակերից, պատռվածքներից, անհամապատասխան կարերից կամ որևէ այլ բանից, որ հարիր չէ շքեղ վերնահագուստին:

Երկար ժամանակ չպահանջեց հասկանալու, որ, չնայած իրենց արտադրած հագուստի վերջնական գնին, որակը միշտ քանակի համեմատ երկրորդական էր, իսկ իր աշխատանքը հաճախ պահանջում էր ոչ ավելին, քան լռել:

Այս սխեմայի բանալին որակի վերահսկող անձնակազմի նույնքան մեծ քանակությունն էր, որոնք բոլորն էլ այս կամ այն պատճառով «խնդրի առաջ էին կանգնում» և փոխարինվում՝ նախքան գիտակցելը, թե ինչ տեսակի ապրանքներ են դուրս գալիս գործարանից:

Նույն բաճկոնը, տարբեր ընկերություն

Eurotex-ն ՍՊԸ-ն օրինականորեն պատկանում է Egeria խմբին, գրանցված է Կիպրոսում և կառավարվում է Մարինա Բլակունովայի կողմից, որը, գոնե թղթի վրա, Egeria-ի գլխավոր ներկայացուցիչն է գործարանում: 2015-ին՝ ստեղծման տարում, Eurotex-ին անցավ Geo-M-Tex տեքստիլ գործարանի արտադրությունը։ Գործարանի գործունեությունը վերահսկելուն մեկտեղ՝ Eurotex-ը արտադրական գործարքներ է կնքում շքեղ հագուստի մի շարք ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Equiline, Dainese, Uvex և Moncler:

2019-ին OC Media-ի իրականացրած գաղտնի հետաքննությունը Eurotex-ի կողմից կառավարվող գործարանում բացահայտել է մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ ծանր և հաճախ անապահով աշխատանքային պայմաններ, ինչպես նաև չվճարված աշխատավարձեր և նվաստացումների անդադար տարափ, որոնց մեծ մասը գալիս էր հենց Բլակունովայից:

2019-ի օգոստոսին «բյուրոկրատական դժվարությունների» պատճառով, ինչպես OC Media-ի աղբյուրին ասել է Moncler-ի որակի վերահսկման աշխատակից Սանդրա դի Ջիակոմոն, նրանք խզել են իրենց պայմանագիրը Eurotex-ի հետ: Աշուն-ձմեռ հավաքածուն ավարտելուց և գարուն-ամառ գործարքը կնքելուց հետո, որի արտադրությունը կսկսվեր հունվարին, Moncler-ի ներկայացուցիչները դուրս են եկել այս գործարանի արտադրությունից։

2018-ին Վերոնիկա Բլակունովան՝ Մարինա Բլակունովայի դուստրը, ներկայացրել է Movi-ն՝ հագուստի իր սեփական շարքը։ Ապրանքները արտադրվում են Eurotex գործարանում և վաճառվում Վրաստանում։

Moncler-ի ներկայացուցիչների հեռանալը գործարանից համընկել է Movi-ի բումի հետ: Eurotex-ի աղբյուրը պատմել է OC Media-ին, որ Movi-ն օգտագործել է Moncler-ի գործվածքների մնացորդները՝ սեփական արտադրանքի համար, որոնցից մի քանիսը ոչ միայն նույն նյութից են, այլև ուշագրավ նմանություն ունեն:

Moncler բաճկոնների արժեքը հասնում է հարյուրավոր, հազարավոր դոլարների, մինչդեռ գրեթե նույնական Movi բաճկոնները, ըստ երևույթին, պատրաստված նույն նյութից, վաճառվում են 150 լարիից (48 դոլար) մինչև 200 լարի (64 դոլար) արժեքով:

Սա առաջին դեպքը չէ, երբ Մարինա Բլակունովային պատկանող բիզնեսը օգտվում է Moncler-ի արտադրության մնացորդային նյութերից: Eurotex-ի մասին OC Media-ի նախորդ նյութերից մեկում պահեստավորման նախկին մենեջեր Մադոնա Թարխնիշվիլին պատմել էր, որ Moncler-ի որոշ բաճկոններ գաղտնի կերպով, մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են գործարանից դուրս կամ նվիրվել՝ ակնհայտորեն առանց Moncler-ի իմացության:

OC Media-ն մեկնաբանության համար դիմել էր Moncler-ին: Ընկերությունը պատասխանել է, որ իրենք ներքին հետաքննություն կանցկացնեն, քանի որ «շատ լուրջ են վերաբերվում բրենդի օրիգինալությանը»։

Էլեոնորան և «դավաճանը»

2019-ի փետրվարին գերմանական Uvex ապրանքանիշը, որը ձմեռային սպորտային հագուստի բարձրակարգ ապրանքանիշ է և Eurotex-ի համեմատաբար նոր գործընկերը, գործարան է գործուղել Եվգենիա Պրուսմայեր անունով ներկայացուցչի։ Ի տարբերություն ընկերության օտարերկրյա ներկայացուցիչների մեծամասնության՝ Պրյուսմայերը խոսում էր ռուսերեն և գործարանի տնօրեն Մարինա Բլակունովային հարցրել է՝ արդյոք կարող է ավելի սերտ համագործակցել Էլեոնորայի հետ, քանի որ ինքը նա նույնպես տիրապետում է այդ լեզվին:

Էլեոնորան պատմում է, որ իրենք լավ աշխատանքային հարաբերություններ ունեին։ «Մենք երբեք ընկերներ չենք եղել, բայց լավ էինք իրար հետ։ Ես հետևում էի նրա աշխատանքին և կարող եմ երաշխավորել, որ նա ազնվորեն էր կատարում իր աշխատանքը»։

Բայց այն բանից հետո, երբ Եվգենիան հայտնում է Eurotex-ի արտադրած հագուստի մեծ թվով թերությունների մասին, Բլակունովան ավելի ու ավելի է լարվում Uvex-ի ներկայացուցչի դեմ: Մի անգամ Էլեոնորան տեսնում է, որ Եվգենիան ակնհայտորեն վախեցած հեռանում է Բլակունովայի գրասենյակից: Նա պատմում է, որ այդ օրվա ընթացքում կինը շարունակում էր աշխատել, բայց թվում էր, թե մտացրիվ էր ու հայացքը սառում էր ինչ-որ կետի վրա։

Էլեոնորան հարցնում է, թե ինչ է պատահել․ «Նա ասաց, որ իրեն սպառնացել էին և ասել, որ կսպանեն, ու մարմինը երբեք չեն գտնի»:

Անհանգստացած և անվստահ, թե որքանով կարող է իրական լինել նման լուրջ սպառնալիքը, նա մխիթարում է գործընկերոջը, բայց որոշում միջադեպի մասին լռել։

Գործարանում չարաշահումները նորություն չէին Էլեոնորայի համար: Որպես Eurotex -ի փորձառու աշխատակցուհի՝ նա գիտեր, որ բարձրաձայնելը կարող է միայն դժվարության մեջ դնել: Բլակունովան հայտնի էր որպես կոշտ ղեկավար, որը հաճախ նախատում էր ենթականերին և երբեմն կողպում գործարանի դռները և թույլ չէր տալիս աշխատողներին տուն գնալ, եթե նրանք չբավարարեին իրենց ամենօրյա քվոտաները:

Սակայն նորությունն այս անգամ այն էր, որ Մարինան սպառնացել էր արտասահմանյան ընկերության ներկայացուցչին։

Եվգենիան շարունակում է աշխատել Eurotex-ում, սակայն ըստ Էլեոնորայի՝ զգացվում էր աճող լարվածությունը։ Մի անգամ Եվգենիան նշում է, որ ոչ ոք այլևս չի ցանկանում աշխատել Eurotex-ի հետ. դա հենց այն ժամանակն էր, երբ Moncler-ը ավարտել էր ընկերության հետ իր պայմանագիրը:

«Նման խոսքերի համար,- Էլեոնորան հիշում է Բլակունովայի խոսքերը,- ձեզ դուրս կանեն իմ գործարանից»: Այնուհետև անվտանգության աշխատակիցները դուրս էին ուղեկցել Եվգենիային:

Բլակունովայի հետ մեկ այլ դիմակայությունից հետո Եվգենիան մի քանի օր աշխատանքից բացակայում է։ Գերմանական ղեկավարությունը մտահոգված էր համագործակցությամբ, նրանք անձամբ էին զանգահարել Բլակունովային այդ հարցով: Հենց այդ ժամանակ Մարինան ուշադրությունը կենտրոնացնում է Էլեոնորայի վրա՝ վերջինիս որակելով «դավաճան» Եվգենիայի հետ ընկերանալու համար, որը, ըստ Մարինայի, փորձում էր գործարանը վարկաբեկել օտարերկրյա գործընկերների աչքում։

2019-ի նոյեմբերի 22-ին Էլեոնորան հաղորդագրություն է ուղարկում Բլակունովային՝ հարցնելով Uvex-ի ներկայացուցչին ուղղված սպառնալիքների մասին, և նրան անմիջապես կանչում են Մարինայի գրասենյակ: Իր անվտանգության համար նա որոշում է հեռախոսով ձայնագրել հանդիպումը։ Էլեոնորայի պատմության բոլոր հետագա մանրամասները հաստատվում են ձայնագրություններով, որոնք նա տրամադրել է OC Media-ին:

«Ոչ մի գումար չի կարող գնել իմ լռությունը»

Երբ Էլեոնորան մտնում է գրասենյակ, Մարինա Բլակունովան երկու այլ անձի հետ էր՝ հաշվապահ Անա Անդրոնիկաշվիլիի և պահեստավորման մենեջեր Ռոբերտ Կվեսելավայի։

«Դու իմ աշխատակիցն ես, և ես վճարում եմ քեզ քո աշխատավարձը։ Երբ լսեցիր, որ ինչ-որ մեկը վատ է խոսում քո տնօրենի մասին, դու լռեցիր»,- Էլեոնորային ասում է Մարինան։ Այնուհետև Անան և Ռոբերտը ձայնակցում են՝ գրեթե նույն թույնով կրկնելով Բլակունովայի մեղադրանքը:

Էլեոնորան փորձում է պաշտպանվել՝ արդարացնելով իր գործողությունները։ Մարդկանց մեղադրելը իր գործը չէ, ասում է նա Բլակունովային: Նա պարզապես լավ հարաբերություններ է ունեցել օտարերկրյա գործընկերոջ ներկայացուցչի հետ։

Մարինան և նրա շքախումբը կարծես անտեսում են դա և շարունակում ճնշել Էլեոնորային, իսկ նա շտապում է դուրս գալ սենյակից: «Ես արդեն շնչահեղձ էի, չէի հասկանում, թե ինչու էին ինձ հետ այդքան դաժան վարվում։ Ես հիշեցի Եվգենիային ուղղված սպառնալիքները և խուճապի մատնվեցի»։

Էլեոնորան սկսում է վազել. նա պարզապես ուզում էր դուրս գալ շենքից: Սակայն պահեստի մասնաշենքի մոտ Մարինան և Անան հասնում են նրա հետևից։ Մարինան բացատրություն է պահանջում, թե ինչու Էլեոնորան չի ասել իրեն, որ Եվգենիան պատմել է սպառնալիքների մասին:

Բայց Էլեոնորան շատ բաներ գիտեր, որոնց մասին երբեք չէր ասել, այդ թվում այն, որ Վերոնիկա Բլակունովան՝ Մարինայի դուստրը, բազմիցս հարբում էր աշխատավայրում: Մի վայրկյանում, տարիներ շարունակ լռելուց հետո, նա որոշում է ամեն ինչ պատմել Բլակունովային։

Գործարանի տնօրենն ապշած կանչում է Ռոբերտին, որը ներխուժում և վազում է ուղիղ դեպի Էլեոնորան։ Մի ակնթարթում նա զգաց, ինչպես են Ռոբերտի ձեռքերը փաթաթվում իր վզի շուրջ ու սեղմում։ Երբ տեսողությունը սկսում է մթագնել և սկսում է կորցնել գիտակցությունը, զգում է, թե ինչպես են իրեն շպրտում պատին։

Էլեոնորան մի կերպ ոտքի է կանգնում ու վազում: Այս անգամ նրան ոչ ոք չի հետապնդում։ Նույն օրը երեկոյան ոստիկանությունը քրեական գործ է հարուցում ենթադրյալ հարձակման փաստով։ Ռոբերտ Կվեսելավային մեղադրանք է առաջադրվում ֆիզիկական բռնության համար: Դատավարությունը դեռ չի սկսվել։

Համաճարակի ժամանակ Eurotex գործարանը փակվեց, չնայած Movi-ն տեղափոխվել է Թբիլիսիի Գլդանի թաղամաս: Ո՛չ Բլակունովային, ո՛չ էլ նրա դստերը Eurotex-ի հետ կապված որևէ քրեական մեղադրանք չի առաջադրվել: 2020-ի հունվարին Uvex-ը դադարեցրել է համագործակցությունը Eurotex-ի հետ։

Ըստ Էլեոնորայի՝ ոստիկանություն դիմելուց հետո Բլակունովան բազմիցս փորձել է կապվել իր հետ և ստիպել, որ հրաժարվի ցուցմունքից, սակայն ինքն անդրդվելի է մնացել: «Մարինան բազմիցս ասել է, որ ամեն ինչ կարելի է գնել, բայց ոչ մի գումար չի կարող գնել իր լռությունը»,- ասում է Էլեոնորան:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել