Ֆրանսիայի նախագահի գլխավոր թեկնածուներից Էրիկ Զեմուրը Հայաստանում է

2022-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների մրցարշավի գլխավոր թեկնածուներից Էրիկ Զեմուրը (Eric Zemmour) ժամանել է Հայաստան։

Զեմուրը լուսանկար է հրապարակել՝ դեմքով դեպի Արարատը, և Թվիթերում արել հետևյալ գրառումը․

«Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ դեմքով դեպի Արարատ լեռը, ես ուզում եմ հայերին ասել, թե ինչպես են նրանք դարեր շարունակ եղել դիմադրության մոդել»։

Զեմուրն այցելել է նաև Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում։

«Հայոց ցեղասպանության հիշատակի վայրում։ Մեծ ողբերգությունները երբեք չեն անհետանում»,- գրառում է արել նա Թվիթերում:

Զեմուրը լուսանկարներ է հրապարակել նաև Խոր Վիրապից։

Էրիկ Զեմուրի մասին

Էրիկ Զեմուրը աջ ծայրահեղական քաղաքական գործիչ է։ Նա նաև լրագրող է, էսեիստ, գրող և փորձագետ: Զեմուրը 2019-2021 թվականներին ֆրանսիական CNews ալիքում վարել է Face à l’Info հաղորդումը։

Էրիկ Զեմուրը հայտնի է Ֆրանսիայում ներգաղթի և իսլամի վերաբերյալ իր հակասական հայացքներով: Նա համարում է, որ Ֆրանսիայի բնիկ բնակչությունը փոխարինվելու է ոչ եվրոպացիներով: 2011-ին Զեմուրը տուգանվել է ռասայական խտրականություն հրահրելու, իսկ 2018-ին՝ մուսուլմանների նկատմամբ ատելություն սերմանելու համար, թեև նրա դատավճիռը սպասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերանայմանը: Նա վեց անգամ արդարացվել է նմանատիպ մեղադրանքներով՝ 2008, 2014 (երկու անգամ), 2016, 2017 և 2019 թվականներին։

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին Զեմուրը հայտարարել է նոյեմբերի 30-ին։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, նա հիմնել է Reconquête քաղաքական կուսակցությունը։

Ընտրությունների մասին նախնական հարցումները ցույց են տալիս, որ նա կարող է անցնել երկրորդ փուլ, ինչը բրիտանական The Guardian-ը որակել է «փոփոխական»՝ հաշվի առնելով, որ երեք ամիս առաջ անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ նա 10 տոկոսից պակաս ձայն ստանալու ճանապարհին է:

Զեմուրն ինքն իրեն բնորոշում է որպես գոլիստ և բոնապարտիստ: Նա հանդես է գալիս Ֆրանսիայի քաղաքական համակարգի լայնածավալ բարեփոխումների օգտին:

Մեկնաբանել